Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Խորհրդարանը քննարկում է ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի ընտրության հարցը: 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթով հանդես եկավ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը, որը հայտնեց՝ խմբակցությունը ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար:

«Այդ թվում՝ հաշվի ենք առել Արթուր Սարգսյանի բացակայությունը՝ տնային կալանքով պայմանավորված: Ավելացնեմ նաև, որ դուք մեր 3 թեկնածուներին որևէ կողմ թեկնածություն չտվեցիք, թեև նրանք առավել քան արժանի էին»,- հայտարարեց Մանավազյանը: 

Դիմելով Վարդևանյանին՝ նկատեց, թե տեսակետ է հնչել, որ վերջինս արդարության փաստաբանն է, նաև՝ սատանայի փաստաբանը, իսկ իրականության մեջ նա հարուստ հաճախորդների փաստաբանն է: 

Ինչ վերաբերում է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի հայտարարությանը, թե Վարդևանյանին ընտրելը ՔՊ-ի պարտավորությունն է և ոչ թե բարի կամքի դրսևորում, նշեց՝ իշխող խմբակցությունը պարտավոր չէ բոլոր թեկնածուներին կողմ քվեարկել, պարզապես իրենք հարգում են Սահմանադրությունը, և դա իրենց կողմից բարի կամքի դրսևորում է:

Հիշեցնենք՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Վարդևանյանը մասնակցում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակով:

Ավելի վաղ ԱԺ նախագահի տեղակալների պաշտոններում ընտրվել էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը։

117