Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկումը հետաձգվել է մինչև երկու ամսով՝ լրամշակման նպատակով։ Այս մասին նոյեմբերի 12-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը։
Նա տեղեկացրել է, որ փաթեթը լրամշակելու համար լրացուցիչ քննարկումների անհրաժեշտություն է առաջացել։ Կառավարությունից հանձնաժողովին հայտնել են, որ նախագծի հեղինակը չի մասնակցելու այդ օրվա քննարկմանը։
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ նախագծի քննարկումը մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվում է»,- հայտարարել է Ջուլհակյանը։
Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ երբ նախագիծը պատրաստ լինի օրակարգում ընդգրկվելու և քննարկվելու, այդ մասին լրացուցիչ կտեղեկացվեն հանրությունն ու հանձնաժողովը։
Փաթեթը ներառում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի և ևս 20 օրենսդրական ակտերի փոփոխություններ։