Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 2-ին Երևանում մեկնարկել է «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան. արհեստական բանականություն, անվտանգություն և նորարարական ենթակառուցվածքներ» խորագրով կլոր սեղան-քննարկումը։

Քննարկմանը մասնակցում են պետական կառավարման մարմինների, փորձագիտական համայնքի, տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ներկայացուցիչներ Հայաստանից և արտերկրից։ (ՌԴ, Իրան, Հնդկաստան, Ղազախստան):

Միջոցառումը կազմակերպել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի «Օրբելի» վերլուծական կենտրոնը՝ Եվրասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ։

Քննարկման առանցքում են «Խաղաղության խաչմերուկ» նախագծի թվային բաղադրիչի ձևավորման գործում ՀՀ զարգացող ՏՏ ոլորտի դերը, սահմանների կառավարման, ենթակառուցվածքների պաշտպանության և անվտանգ կապակցվածության ապահովման գործում թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության նոր հնարավորությունները։

Բացման խոսքով հանդես են եկել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը և «Օրբելի» կենտրոնի համակարգող Միքայել Յալանուզյանը։

Որպես գլխավոր բանախոսներ ելույթներով հանդես են եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանը։

Միջոցառման սկզբում ներկայացվել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի պաշտոնական կայքը, որը նախագծել և գործարկել է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը։ Նշվել է, որ crossroadsofpeace.am նորաբաց կայքում արդեն իսկ հրապարակված են մի շարք թեմատիկ հոդվածներ, հարցազրույցներ և ինֆոգրաֆիկաներ։

119