Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

AraratNews-ի բացառիկ հարցազրույցը էսթետիկ, ռեգեներատիվ և ռեկոնստրուկտիվ ատամնաբուժության մասնագետ, DMD, Eng, MSc դոկտոր Օմար Համիդի հետ։

Դոկտոր Համիդի մասնագիտական ուղին սկսվել է 3D ծրագրավորումից և ինժեներիայից, իսկ այսօր նա իր աշխատանքում միավորում է ճարտարագիտությունը, թվային տեխնոլոգիաներն ու ժամանակակից ատամնաբուժությունը՝ զարգացնելով իր սեփական մոտեցումը՝ «Smile Engineering»-ը։

AraratNews-ի հետ բացառիկ զրույցում դոկտոր Օմար Համիդը պատմել է իր մասնագիտական ուղու, 3D տեխնոլոգիաների և արհեստական բանականության դերի, ժամանակակից ատամնաբուժության ապագայի, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ իր հետաքրքրության և առաջիկա այցի մասին։

 

Ինժեներից՝ ատամնաբույժ

Դուք ատամնաբուժությունից առաջ ինժեներ եք եղել։ Ինչպե՞ս սկսվեց Ձեր մասնագիտական ճանապարհը։

Իմ առաջին մասնագիտական կրթությունն ինժեներական էր․ ես սովորել եմ տվյալների մշակման ինժեներիա և մասնագիտացել 3D ծրագրավորման ոլորտում։ Հետո սովորեցի ատամնաբուժություն Վիեննայի բժշկական համալսարանում և շարունակեցի միջազգային մասնագիտական կրթություն ստանալ UCLA-ում՝ Լոս Անջելեսում, Կարոլինսկայի ինստիտուտում՝ Ստոկհոլմում, և Բարսելոնայի համալսարանում։

Այնուհետև Լոնդոնի Queen Mary University-ում ստացա էսթետիկ բժշկության մագիստրոսի աստիճան, իսկ այսօր ավարտում եմ իմ հաբիլիտացիան Վիեննայի Sigmund Freud Private University-ում։

Երկար ժամանակ ինժեներիան ինձ համար կարող էր թվալ մասնագիտական ճանապարհից մի փոքր հեռու շրջանցում։ Բայց երբ ատամնաբուժությունը դարձավ թվային, CAD/CAM համակարգերն ու 3D տպագրությունը մտան ոլորտ, ես հասկացա, որ իրականում վերադառնում եմ մի միջավայր, որին շատ լավ ծանոթ էի։

Ինժեներիան ինձ սովորեցրել է մտածել տվյալների, երկրաչափության և ճշգրտության մասին, իսկ վիրաբուժությունը՝ աշխատել կենդանի հյուսվածքի հետ։ Այսօր այդ երկու մտածելակերպերն աշխատում են նույն սենյակում։

Ի՞նչ է «Smile Engineering»-ը

Դուք հաճախ օգտագործում եք «Smile Engineering» արտահայտությունը։ Ի՞նչ է այն նշանակում։

Հետ նայելով՝ ես հասկանում եմ, որ տարբեր մասնագիտական ոլորտները պարզապես իրար միացան։

Ինժեներիան ինձ սովորեցրեց մտածել կոորդինատների, թույլատրելի շեղումների և ճշգրտության մասին։ Էսթետիկ բժշկությունն ինձ սովորեցրեց սկսել ոչ թե ատամից, այլ դեմքից։

Մենք նախ դիտարկում ենք դեմքը, հետո՝ ժպիտը, և միայն դրանից հետո՝ ատամները։

Ատամներն ունեն երկրաչափություն՝ համամասնություն, առանցք, անկյուն, կորություն, սիմետրիա և նույնիսկ մտածված ասիմետրիա։ Իսկ երկրաչափությունը մաթեմատիկա է․ այն կարելի է սահմանել, կառուցել և ստուգել։

Այդ պատճառով ես աշխատում եմ չորս հիմնական սկզբունքով․ նպատակն անհրաժեշտ է հստակ սահմանել, ոչ թե նկարագրել պարզապես ածականներով, կառուցել՝ որոշակի ճշգրտությամբ, ստուգել արդյունքը նախապես սահմանված չափանիշների համեմատ և երբեք չհեռացնել ավելի շատ հյուսվածք, քան անհրաժեշտ է։

Լավ ինժեները չի քանդում ամուր կառուցվածքը միայն այն պատճառով, որ նոր ճակատ կառուցելն այդպես ավելի հեշտ է։

Ճշգրտությունը գեղեցկության հակառակ կողմը չէ։ Այն է, ինչը գեղեցկությունը դարձնում է կրկնելի։

Ինձ համար «կատարյալ ժպիտը» ոչ թե այն ժպիտն է, որը համապատասխանում է որևէ կատալոգի կամ լուսանկարի։ Այն ժպիտն է, որը մաթեմատիկորեն ճիշտ է տվյալ մարդու դեմքի համար։

Ոչ մի երկու մարդ նույնը չէ, և ես երբեք չեմ ցանկանում, որ մարդիկ նայեն իմ պորտֆոլիոյին ու ասեն՝ «սա հաստատ նրա աշխատանքն է»։ Ես ուզում եմ, որ նրանք ասեն՝ «սա հենց այդ մարդու ժպիտն է»։

Երբ ատամնաբուժությունը դառնում է պահպանման արվեստ

Դուք մասնագիտացած եք նաև ռեգեներատիվ և ռեկոնստրուկտիվ ատամնաբուժության մեջ։ Ի՞նչն է Ձեզ հատկապես հետաքրքրում այս ոլորտում։

Մեզ հաճախ դիմում են բարդ և նախկինում անհաջող բուժումներից հետո։ Այդպիսի դեպքերի հետ աշխատելը ժամանակի ընթացքում ստեղծում է փորձ, և ես շնորհակալ եմ այն գործընկերներին, ովքեր մեզ են ուղղորդում նման հիվանդներին։

Մենք աշխատում ենք փափուկ և կարծր հյուսվածքների վերականգնման, ոսկրային և փափուկ հյուսվածքների ավելացման, ինչպես նաև ռեգեներատիվ բուժման ուղղություններով՝ օգտագործելով նաև հենց պացիենտի արյան վերականգնողական ներուժը։

Իմ հետաքրքրությունը այս ուղղությամբ մեծացավ նաև շուրթերի երիտասարդացման թեմայով իմ դիսերտացիայի ընթացքում, որը հետագայում հրապարակվեց Journal of Cosmetic Dermatology-ում։

Այսօր ռեկոնստրուկտիվ բժշկության ամենահետաքրքիր ուղղություններից մեկը, իմ կարծիքով, 3D տպագրությունն է։ Նյութերի և տեխնոլոգիաների զարգացումը թույլ է տալիս այնպիսի բաներ անել, որոնք տարիներ առաջ պարզապես գոյություն չունեին։

Այն, ինչը նախկինում կարող էր շաբաթներ պահանջել, որոշ դեպքերում այսօր հնարավոր է անել մեկ օրվա ընթացքում։

 

Ինչո՞ւ են պացիենտները ընտրում Վիեննան

Ձեր պացիենտներից շատերը գալիս են արտերկրից։ Ի՞նչն են նրանք իրականում փնտրում։

Ես կասեի՝ նրանք գալիս են ոչ թե նրա համար, ինչին պատրաստ են վճարել, այլ այն պատճառով, ինչին պատրաստ չեն ռիսկի ենթարկել։

Նրանք ավելի քիչ զգայուն են գնի և ավելի զգայուն՝ ռիսկի նկատմամբ։

Նրանց հետաքրքրում է՝ ի՞նչ կլինի, եթե ինչ-որ բան սխալ գնա։ Ո՞վ է պատասխանատու լինելու հինգ տարի անց։ Իսկ տասը տարի անց։ Արդյո՞ք նույն բժիշկը դեռ հասանելի կլինի։

Այն, ինչ նրանք իրականում գնում են, վստահությունն է, որ ամեն ինչ արվելու է հնարավորինս ճիշտ, որպեսզի նրանք այլևս ստիպված չլինեն նույն խնդրի միջով անցնել։

Բժշկության մեջ ոչ ոք չի կարող բացարձակ վստահություն խոստանալ։ Մենք խոստանում ենք ջանք, ստանդարտ և պատասխանատվություն։

Մեր ախտորոշումը, չափումները և մանրամասն պլանավորումը հենց այդ խոստումն իրական դարձնելու միջոցներն են։

Մենք ժպիտին վերաբերվում ենք որպես ակտիվի, որը մեզ է վստահված։ Այն պետք է ունենա երկարաժամկետ հեռանկար, պետք է պահպանվի, և մենք պետք է պատրաստ լինենք դրա համար պատասխան տալ ոչ միայն այսօր, այլև տարիներ անց։

Իսկ ի՞նչ է շքեղությունը բժշկության մեջ

 

Ձեր պացիենտների փորձառությունը հաճախ նկարագրվում է որպես պրեմիում կամ լյուքս դասի բժշկական ծառայություն։ Ի՞նչ է, ըստ Ձեզ, իրական շքեղությունը բժշկության մեջ։

Մարմարե պատերը շքեղություն չեն։ Մարմար գնելը հեշտ է։

Իրական շքեղությունն անորոշության բացակայությունն է։

Չպետք է լինի չբացատրված երկրորդ կարծիք, «տեսնենք՝ երբ բացենք», կամ բուժման ընթացքում հանկարծ ի հայտ եկող իրական պլան ու գին։

Ինձ համար ամենաշքեղ բանն այն է, երբ առաջին օրը պացիենտին ցույց տված 3D պլանը նույն բանն է, որի հետ մենք համեմատում ենք արդյունքը վերջին օրը։

Թռիչքի կազմակերպումը, օդանավակայանի VIP ծառայությունը, հյուրանոցը կամ վարորդը հյուրընկալություն են։ Դրանք փաթեթավորումն են։ Բայց բովանդակությունը վստահությունն է։

 

«Ես այլևս այդ մասին չէի մտածում»

Իսկ ի՞նչ են պացիենտներն ասում բուժումից հետո։

Հետաքրքիր է, բայց նրանք գրեթե երբեք չեն խոսում ատամների մասին։

Ամենատարածված արտահայտություններից մեկը, որ լսում եմ, հետևյալն է․

«Ես այլևս այդ մասին չէի մտածում»։

Մարդիկ տարիներ շարունակ փոքր բաներ են կառավարում իրենց առօրյայում․ մի կողմով են ծամում, լուսանկարվելիս ընտրում են որոշակի անկյուն, ծիծաղելիս ձեռքով մի փոքր ծածկում են բերանը։

Դա նրանց մտքում անընդհատ աշխատող փոքրիկ ֆոնային խնդիր է։

Իսկ հետո այն պարզապես անհետանում է։

Այդ պահին հասկանում ես, որ մեր իրական արդյունքը միայն գեղեցիկ ժպիտը չէ։ Մենք մարդուն վերադարձնում ենք այն ուշադրությունը, որը նա նախկինում ծախսում էր սեփական ատամների մասին մտածելու վրա։

Ժամանակը՝ ամենաթանկ ռեսուրսը

Շատ պացիենտներ միջազգային են և քիչ ժամանակ ունեն։ Ինչպե՞ս եք կազմակերպում նման բուժումը։

Այսօր մարդկանց ամենասակավ ռեսուրսը միշտ չէ, որ գումարն է։ Շատ հաճախ դա անընդհատ, չընդհատվող ժամանակն է։

Այդ պատճառով մենք փորձում ենք բուժումը ոչ թե երկարացնել, այլ սեղմել։

Հնարավորության դեպքում ամբողջական ախտորոշումն անում ենք մեկ առավոտվա ընթացքում՝ պատկերային հետազոտություն, դեմքի և բերանի 3D սկանավորում, ծնոտային հոդի շարժման վերլուծություն, լուսանկարչական ամբողջական վիճակ։

Պլանավորումը կարող է իրականացվել նույն օրը, իսկ որոշ դեպքերում իմպլանտների տեղադրումն ու անմիջական բեռնումը համակցվում են նույն նստաշրջանում պատրաստված և 3D տպագրված վերականգնման հետ։

Գաղափարը պարզ է՝ մեկ անգամ գալ և ճիշտ անել։

Սա պարզապես հարմարավետություն չէ։ Շատ դեպքերում դա նաև ավելի լավ բժշկություն է։

 

3D տեխնոլոգիաները. նախ չափել, հետո բուժել

Ինչպե՞ս եք օգտագործում 3D տեխնոլոգիաները Ձեր աշխատանքում։

Մեր առաջին քայլը ամբողջական թվային պատճենի ստեղծումն է։

Մինչև կլինիկական հետազոտությունը մենք կարող ենք ունենալ կոնուսային ճառագայթային համակարգչային տոմոգրաֆիա, ներբերանային սկանավորում, դեմքի սկանավորում, ծնոտային հոդի շարժման վերլուծություն և ամբողջական լուսանկարչական վիճակ։

Եվ միայն դրանից հետո ենք մենք նայում բերանի մեջ։

Այս մոտեցումը թույլ է տալիս ավելի վաղ հայտնաբերել հիվանդությունները, վարակները և այլ խնդիրներ։ Արհեստական բանականությունն էլ ավելի է զարգացնում այս հնարավորությունները։

Բայց ամենակարևորը՝ պացիենտին կարող ենք ցույց տալ նրա սեփական իրավիճակը։

Զրույցը փոխվում է, երբ դու պարզապես չես ասում՝ «այստեղ խնդիր կա», այլ ցույց ես տալիս այն։

Չես կարող ինժեներականորեն նախագծել այն, ինչ նախապես չես չափել։

Շատ ատամնաբուժական մոտեցումներ սկսվում են զննությունից և բժշկի կարծիքից։ Մենք սկսում ենք հստակեցումից։

 

Արհեստական բանականությունը՝ հիանալի երկրորդ կարծիք

Ի՞նչ դեր ունի արհեստական բանականությունը Ձեր աշխատանքում։

Արհեստական բանականությունը ճանապարհին չէ։

Այն արդեն շենքում է։

Այսօր դրա ամենաուժեղ կիրառություններից երկուսը վարչական և ախտորոշիչ գործընթացներն են։

Ծրագիրը չի հոգնում։ Այն չի բաց թողնում փոքր ստվերը քսաներորդ պատկերում միայն այն պատճառով, որ մարդն արդեն հոգնել է։

Ստեղծագործական և ախտորոշիչ նոր գործիքներ հայտնվում են գրեթե ամեն մի քանի ամիսը մեկ, իսկ հաջորդ մեծ ալիքը, կարծում եմ, ռոբոտիկան է։

Բայց ես մի կարևոր տարբերություն կպահեի։

Արհեստական բանականությունը հիանալի երկրորդ կարծիք է, բայց վատ առաջինը։

Այն կարող է ասել, թե ինչ է տեսնում։ Բայց չի կարող ինքնուրույն որոշել, թե ինչ է պետք տվյալ պացիենտին։

Այդ որոշումը դեռ պետք է կայացնի բժիշկը։

Ժպիտը՝ որպես շքեղ ակտիվ

Դուք ժպիտը համեմատում եք նաև արժեքավոր ակտիվի հետ։ Ինչո՞ւ։

Ակտիվը մի բան է, որի մեջ ներդրում ես կատարում, որը պահպանում ես և որը կարող ես կորցնել։

Այդ իմաստով՝ այո, ժպիտը կարելի է դիտարկել որպես ակտիվ։

Բայց «կատարյալ» բառի հետ պետք է զգույշ լինել։ Սոցիալական ցանցերում կատարյալ ժպիտների մեծ մասը մշակված է՝ լուսավորություն, ֆիլտրեր, ռետուշ։

Մարդիկ երբեմն պահանջում են մի բան, որը իրականում գոյություն չունի, որովհետև այն տեսել են որպես «արդյունք»։

Դա կարող է հանգեցնել գերբուժման։

Առողջ ատամի հյուսվածքը հեռացնելը միայն ավելի նորաձև մակերես տեղադրելու համար ներդրում չէ։

Դա կապիտալի ծախս է։

Մենք կարող ենք նորից գնել բազմաթիվ բաներ մեր կյանքում։ Բայց ոչ ոք մեզ չի վաճառի նորից մեր սեփական էմալը։

Բնությունը մեզ երկրորդ էմալ չի տալիս։

Այդ պատճառով իմ մոտեցումը շատ պարզ է՝ հասկանալ, թե ինչ ունես, պահպանել այն հնարավորինս երկար, փոխարինել միայն այն, ինչ այլևս հնարավոր չէ փրկել, և վերականգնել այն հնարավորինս լավ։

Մարդիկ տարիներ են անցկացնում՝ իրենց վստահությունը ցույց տալով բանակցությունների, հանդիպումների և առաջին շփումների ժամանակ։

Երբ բուժումից հետո նրանք ասում են, որ այլևս չեն մտածում իրենց ժպիտի մասին, դա նշանակում է, որ նրանք վերադարձրել են իրենց վստահությունը։

Վստահությունը դժվար է կեղծել։

Ժպիտը պարտադիր չէ, որ կատարյալ լինի։

Այն պետք է լինի ձերը, առողջ և երկարակյաց։

 

Հայաստանը՝ պահպանելու մշակույթ ունեցող երկիր

Ի՞նչ ընկալում ունեք Հայաստանի և հայերի մասին։

Մենք Վիեննայում և Դուբայում ունենք հայ պացիենտներ, և ես իսկապես հաճույքով եմ աշխատում նրանց հետ։

Նրանք տեղեկացված են, ուղիղ են խոսում և ակնկալում են, որ բուժումը երկար կտևի։ Դա շատ լավ համապատասխանում է մեր կլինիկայի փիլիսոփայությանը, որը հիմնված չէ կարճ ճանապարհների վրա։

Հայաստանի մասին մտածելիս առաջինը, ինչ ինձ մոտ գալիս է, պահպանման գաղափարն է։

Հայ ժողովուրդը դարեր շարունակ պահպանել է իր ինքնությունը, այբուբենը, ձեռագրերը և մշակույթը՝ հաճախ այնպիսի պայմաններում, երբ շատ ավելի հեշտ կլիներ պարզապես հրաժարվել դրանցից։

Ինձ համար շատ հետաքրքիր կապ կա նաև Վիեննայի հետ։

Մխիթարյան միաբանության հայ վանականները Վիեննա են հաստատվել դեռևս 19-րդ դարի սկզբին։ Նրանց ժառանգությունը մինչ օրս պահպանում է հայկական գրավոր մշակույթի կարևոր հատվածը։ Միաբանության գրադարանում պահպանվում են հազարավոր հայկական ձեռագրեր և տասնյակ հազարավոր հայերեն գրքեր։

Այսինքն՝ Վիեննան արդեն շուրջ երկու դար որոշակի իմաստով պահպանում է հայկական գրավոր մշակույթը։

Երբ ես այդ մասին ավելի մանրամասն իմացա, այն մնաց մտքումս, որովհետև շատ նման է իմ մասնագիտությանը։

Ռեկոնստրուկտիվ ատամնաբուժությունը նույնպես պահպանման աշխատանք է՝ պահել այն, ինչ հնարավոր է պահել, և այն, ինչ այլևս հնարավոր չէ պահպանել, վերականգնել հնարավորինս հավատարիմ ձևով։

 

«Այս սեպտեմբերին ես լինելու եմ Հայաստանում»

Դուք երբևէ եղե՞լ եք Հայաստանում։ Եվ կցանկանայի՞ք այցելել։

Ես շատ շուտով՝ այս սեպտեմբերին, լինելու եմ Հայաստանում։ Ինձ հրավիրել է մեր պացիենտներից մեկը։

Առաջին հերթին ցանկանում եմ այցելել Մատենադարան։ Եթե արդեն ապրելու եմ մի քաղաքում, որը պահպանում է հայկական ձեռագրերի այդպիսի մեծ հավաքածու, ես ուզում եմ տեսնել բնօրինակները։

Հետո՝ Գառնին և Գեղարդը, Սևանա լիճը, Արարատի տեսարանը։

Եվ, իհարկե, սեղանը։

Ես ուզում եմ հասկանալ հայկական հյուրընկալությունը ոչ թե որպես զբոսաշրջիկ, այլ իրական փորձառության միջոցով։

Մասնագիտական առումով նույնպես ցանկանում եմ հանդիպել հայ գործընկերների հետ, այցելել կլինիկաներ և լաբորատորիաներ։

Բայց հիմնականում ուզում եմ լսել։

Ինձ հետաքրքրում է հասկանալ՝ ինչի համար են հայ պացիենտները մեկնում արտերկիր և որ ճանապարհները հնարավոր կլիներ կրճատել կամ ընդհանրապես դարձնել ոչ անհրաժեշտ։

Ես այդ հարցին Վիեննայից պատասխանել չեմ կարող։

 

Ապագայի ամենամեծ փոփոխությունը

Որո՞նք են, Ձեր կարծիքով, ժամանակակից ատամնաբուժության հիմնական մարտահրավերներն ու հնարավորությունները։

Առաջին մեծ մարտահրավերը, կարծում եմ, գովազդի ազնվությունն է։

Սոցիալական ցանցերում մենք տեսնում ենք ատամնաբուժական արդյունքներ, որոնք ռետուշավորված են, սպիտակեցված, փոխված լուսավորությամբ կամ այլ կերպ մշակված։

Բայց մարդու դեմքը իրական կյանքում այդպես չի երևում։

Եթե պացիենտին ցույց ես տալիս անհնար արդյունք, նա անիրատեսական սպասումներ ունենալու մեջ մեղավոր չէ։

Երկրորդ մարտահրավերը տեխնոլոգիաների արագ զարգացումն է։ Ծրագիրը կարող է ստեղծել շատ գեղեցիկ բուժման պլան մի դեպքի համար, որը ընդհանրապես չպետք է այդպես պլանավորվեր։

Տեխնոլոգիան կարող է ընդլայնել բժշկի դատողությունը, բայց չի կարող փոխարինել այն։

Միևնույն ժամանակ հնարավորություններն ահռելի են։

Թվայնացումը արդյունքները դարձնում է չափելի։ Ռեգեներատիվ բժշկությունը մեզ տանում է փոխարինումից դեպի պահպանում։ 3D տպագրությունը որոշ բուժումներ կարող է բազմակի այցելություններից հասցնել մեկ օրվա։

Եվ, իհարկե, արհեստական բանականությունը հսկայական դեր է ունենալու։

Ես կարծում եմ, որ առաջիկա տասը տարիներն ավելի շատ կփոխեն մեր մասնագիտությունը, քան նախորդ հիսուն տարիները միասին։

Մենք աստիճանաբար անցնում ենք կորցրածը փոխարինելու մշակույթից դեպի եղածը պահպանելու մշակույթ։

«Վերապատրաստված մեկ գործընկերը կարող է օգնել հազարավոր մարդկանց»

Որո՞նք են Ձեր ապագայի ծրագրերը։

Ես ունեմ երեք հիմնական մասնագիտական և մեկ անձնական նպատակ։

Առաջինը՝ ավարտել հաբիլիտացիաս։ Էսթետիկ բժշկության մեջ մենք հաճախ օգտագործում ենք ածականներ՝ «գեղեցիկ», «բնական», «ներդաշնակ»։ Ինձ հետաքրքրում է այդ ամենը վերածել չափելի համակարգի՝ 3D չափումների միջոցով հասկանալու, թե ինչ է իրականում փոխվում դեմքի վրա։

Երկրորդը՝ շատ զգույշ կերպով զարգացնել մեր խմբի աշխատանքը։ Մենք ունենք երկու կլինիկա Վիեննայում և գործընկեր կլինիկա Դուբայում, և ցանկանում ենք աճել՝ առանց կորցնելու որակը։

Բայց ինձ համար ամենակարևոր ուղղությունը կրթությունն է։

Մենք ունենք վերապատրաստման կենտրոն, և ես ցանկանում եմ հայ գործընկերներին ընդունել Վիեննայում և Դուբայում։ Ես նաև բաց եմ Հայաստանում դասավանդելու և հայկական համալսարանների հետ ակադեմիական համագործակցության համար։

Կլինիկան սպասարկում է այն պացիենտներին, ովքեր մտնում են նրա դռնից ներս։

Բայց վերապատրաստված գործընկերը կարող է սպասարկել հազարավոր պացիենտների, որոնց դու երբեք անձամբ չես հանդիպի։

Իսկ անձնական մակարդակում, հաբիլիտացիաս ավարտելուց հետո, ես ցանկանում եմ ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքիս։

Մեր կլինիկայի պատմությունն էլ, ի դեպ, ընտանեկան է։ Այն հիմնադրել է հայրս՝ դոկտոր Աբդուլ Ռազակ Համիդը, որը ատամնաբուժությամբ զբաղվում է դեռևս 1970-ականներից։ Այսօր ես և կինս շարունակում ենք այդ աշխատանքը։

Այդ պատճառով ինձ համար «ընտանեկան պրակտիկան» պարզապես բիզնես տերմին չէ։

Այն իրականում նշանակում է երկարաժամկետ պատասխանատվություն։



 

115