Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում (IOAI) հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականների ձեռքբերումներին նվիրված միջոցառում է կազմակերպվել, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալներ Գևորգ Մանթաշյանը և Տաթև Ասլանյանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը շնորհավորել է միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին բարձր արդյունքներ արձանագրելու կապակցությամբ՝ նշելով, որ այս ձեռքբերումը նրանց հաջողությունների ճանապարհի սկիզբն է․ յուրաքանչյուր հաջորդ մարտահրավեր նրանք կդիմավորեն առավել մեծ պատրաստվածությամբ և ոգևորությամբ։ Աննա Բաբաջանյանը հորդորել է դպրոցականներին երբեք չկասկածել սեփական ուժերին, հանդես գալ նորարար նախաձեռնություններով և հաստատակամորեն ընթանալ դեպի իրենց նպատակները։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին, ծնողներին և ողջ թիմին՝ աշխատանքի, աջակցության և տեսանելի ձեռքբերումների համար:

Միջոցառմանը ներկա են եղել նաև դպրոցական առարկայական օլիմպիադաներում հաջողությամբ հանդես եկած սովորողներ, մասնավորապես՝ ինֆորմատիկայի, մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և այլ բնագիտական ու տեխնոլոգիական ուղղություններով բարձր արդյունքներ արձանագրած աշակերտները:

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել պանելային քննարկում՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում (IOAI) հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականների ձեռքբերումների և ցուցաբերած բարձր արդյունքների վերաբերյալ։ IOAI-ի հայ մասնակիցները ներկայացրել են իրենց փորձը, անցած ճանապարհն ու ձեռքբերումները, ինչպես նաև հնարավորություն են ունեցել շփվելու տեխնոլոգիական ոլորտի մասնագետների, պետական կառույցների և կրթական համայնքի ներկայացուցիչների հետ։

Միջոցառման նպատակն էր արժևորել հայ դպրոցականների միջազգային հաջողությունները, խրախուսել նրանց հետագա մասնագիտական զարգացումը, ինչպես նաև երիտասարդների շրջանում խթանել հետաքրքրվածությունը արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների և STEM ուղղությունների նկատմամբ։

Նշենք, որ հայ աշակերտներն արդեն երկրորդ տարին անընդմեջ են մասնակցում AI-ի միջազգային օլիմպիադային, որի ազգային կազմակերպիչը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամն է (FAST)։

Հայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել այս տարվա օգոստոսի 2-8-ն Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացված Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում (IOAI): Հայաստանն այս տարի ներկայացրել է միանգամից երկու թիմ՝ յուրաքանչյուրում չորսական աշակերտ (առավելագույն թույլատրելին IOAI-ում)։

Օլիմպիադան անցել է 3 փուլով՝ տնային (3 առաջադրանք), թիմային (2 փուլով առաջադրանքներ՝ սիմուլյացիոն և Galbot ռոբոտով) և անհատական (6 առաջադրանք ԱԲ-ից): Թիմը ձևավորվել է Հայաստանում IOAI-ի պաշտոնական հավատարմագրված ներկայացուցչի՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից անցկացված ազգային ընտրական փուլի արդյունքում՝ բոլոր մարզերից գրանցված 170 աշակերտի հետ պայքարում:

Հավաքականի կազմում ընդգրկված էին 6 մասնակից՝ «ԱԲ սերունդ» ծրագրից, 1 մասնակից՝ Ֆիզմաթ դպրոցից, 1 մասնակից՝ «Ֆոտոն» վարժարանից․ հավաքականը գրանցել է մինչ օրս լավագույն արդյունքը IOAI-ում. 8 մասնակիցներից 5-ը արժանացել են պաշտոնական պարգևի կամ ճանաչման։

Նրանցից երեքը մասնակցել են նաև անցած տարի Պեկինում կայացած օլիմպիադային․ մասնակիցներից մեկը բրոնզե մեդալ էր նվաճել անհատական պայքարում։

Բացի անհատական մրցույթից՝ Հայաստանը մասնակցել է նաև թիմային մրցույթին, որտեղ 97 միավորով զբաղեցրել է 5-րդ տեղը շուրջ 120 թիմերի միջև՝ զիջելով միայն Նոր Զելանդիայի, Հոնկոնգի, Պուերտո Ռիկոյի և Իսպանիայի հավաքականներին։

Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի՝ միջազգային օլիմպիադայում ցուցաբերած բարձր արդյունքների համար բրոնզե մեդալ նվաճած սովորողները՝ Արամ Ամիրխանյանը և Ռազմիկ Եփրեմյանը, մեկ տարի ժամկետով կրթաթոշակ կստանան։

84