Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դիջիթեք 2026-ը տեղի կունենա նոյեմբերի 20-22-ին՝ ազգային տեխնոլոգիական ցուցադրությունից վերածվելով արհեստական բանականության առաջնակարգ միջազգային հարթակի։ Միջոցառումը կհամախմբի ընկերությունների, հիմնադիրների, ներդրողների և քաղաքականություն մշակողների ԱՄՆ-ից, Եվրոպայից, Արաբական ծոցի երկրներից և Կենտրոնական  Ասիայից՝ նպատակ ունենալով արագացնել արհեստական բանականության գլոբալ արժեշղթայի զարգացումը։ Դիջիթեք 2026-ի մանրամասները ներկայացվել են Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։

Հիմնվելով առկա տեխնոլոգիական տաղանդի և արհեստական բանականության հաշվողական ռեսուրսների ենթակառուցվածքների վրա՝ Հայաստանը դառնում է արհեստական բանականության ոլորտի նշանակալի դերակատար։ Դիջիթեքն այս հնարավորությունը վերածում է գործնական հարթակի՝ միավորելով ոլորտի կարևորագույն խաղացողներին մեկ վայրում և հնարավորություն տալով ձևավորելու գործարար կապեր, համագործակցություններ և նոր հավակնոտ նախագծեր։

 

Դիջիթեք 2026-ի համաժողովի ծրագիրն ընդգրկում է արհեստական բանականության  ամբողջ արժեշղթան՝ էներգետիկա, չիպեր և հաշվողական հզորություններ, ենթակառուցվածքներ և տվյալներ, ԱԲ մոդելներ, հավելվածներ և գործիքներ: Միջոցառումը կմիավորի շուրջ 100 գլոբալ բանախոսների․ հիմնական զեկույցներն ու պանելային քննարկումները տեղի կունենան 600 հանդիսականի համար նախատեսված գլխավոր սրահում, իսկ 150 տեղանոց ընդլայնված DigiHub սրահը կտրամադրվի առավել մասնագիտական՝ «ինժեներները ինժեներների համար» ուղղությանը: Դիջիթեք 2026-ի ծրագրի մաս կկազմի նաև OpenTalks.AI-ը՝ արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ոլորտի միջազգային ճանաչված ձևաչափը՝ իր ավելի քան 5000 մասնագետների համայնքով։

Հաստատված բանախոսների շարքում են Ռև Լեբարեդյանը (Փոխնախագահ, NVIDIA), Ադրիան Մաքդոլանդը (Նախագահ, EMEA, Dell), Ռաջիվ Ջայարամանը (Փոխնախագահ, Microchip Technology), Ալի Աղան (Համահիմնադիր և գլխավոր տնօրեն, Field AI), Սուրեն Հարությունյանը (Compute-ի ղեկավար, OpenAI), Ժելկո Ռելիչը (Գործադիր փոխնախագահ, CTO, Align Technology), Անտոն Ռեպուշկոն (Հետազոտությունների ղեկավար, Revolut), Մատիաս Ունդուրագա Բրեյթլինգը (Կորպորատիվ տեխնոլոգիաների տնօրեն, AWS, նախկին CTO, CPO), Րաֆֆի Կրիկորյանը (CTO, Mozilla, նախկինում՝ Twitter, Uber), Ռոդ Սոլայմանին (Տարածաշրջանային քաղաքականության և գործընկերությունների ղեկավար, OpenAI), Ջեք Մաքքոլին (Համահիմնադիր, Oculus VR) և այլք։ Խոսնակների թարմացվող ցանկը հասանելի է Դիջիթեքի պաշտոնական կայքում։ 

ՀՀ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը միացել է Դիջիթեքին՝ վերահաստատելով պետության հանձնառությունը՝ Հայաստանը դիրքավորելու ԱԲ համաշխարհային քարտեզում:

164