Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի շրջանակում Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր: Դրանք կմեկնարկեն հոկտեմբերի 7-ին Զաքարիա Փալիաշվիլու անվան Թբիլիսիի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տոնական համերգով (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան): Այդ մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

«Նախատեսված ծրագիրը միահյուսում է հայկական, վրացական և համաշխարհային դասական երաժշտության գլուխգործոցները, այդ թվում՝ Զաքարիա Փալիաշվիլու «Հարսանեկան տեսարանը» «Աբիսողոմ և Էթերի» օպերայից, Անտոնին Դվորժակի Թավջութակի կոնցերտը և Արամ Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 2-ը («Զանգերով սիմֆոնիա»):

Համերգի մենակատարն է նշանավոր հայազգի թավջութակահար, Չայկովսկու անվան XIV միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Նարեկ Հախնազարյանը, որի կատարմամբ կհնչի Դվորժակի հանրահայտ Թավջութակի կոնցերտը:

Այս առանձնահատուկ երեկոն ոչ միայն տոնական նվեր է Վրաստանի երաժշտասեր հանրությանը, այլև հայ-վրացական մշակութային երկխոսության և երկու ժողովուրդների անխաթար եղբայրության վառ վկայությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

65