Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով, մասնակցել է Բելառուսի Հանրապետության Բրեստ քաղաքում կազմակերպված Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 83-րդ նիստին։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:

Նիստի ընթացքում քննարկվել և ստորագրվել է 17 որոշում, որոնք վերաբերում են մաքսային կարգավորման տարբեր ոլորտներին, այդ թվում` մաքսային հսկողության գործառնությունների իրականացման համար կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրային միջոցների, ինչպես նաև մաքսային վարչարարության կատարելագործման նպատակով նախատեսվող հեռանկարային տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ փորձի փոխանակմանը, անդրսահմանային էլեկտրոնային առևտրի հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային մարմինների փորձի ուսումնասիրմանը։

Քննարկվել են նաև ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման առանձին տեսակի ապրանքների փոխադրման մասով տեղեկատվության փոխանակմանը, անցակետերում ֆիզիկական անձանց նկատմամբ հսկողություն իրականացնելուն, ԱՊՀ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշ ապրանքների դասակարգմանը, Մոլդովայի Հանրապետության՝ ԱՊՀ-ից դուրս գալու հետ կապված հնարավոր սակագնային առաձնաշնորհումներ տրամադրելու հնարավորությանը և այլ հարցեր։

ԱՊՀ կազմավորման 35-ամյակի կապակցությամբ ԱՊՀ գործադիր կոմիտեն ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային մարմինների ներկայացուցիչներին պարգևատրել է ԱՊՀ գործադիր կոմիտեի պատվոգրերով և շնորհակալագրերով՝ ԱՊՀ մասնակից պետությունների միջև մաքսային ոլորտում համագործակցության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

Որոշում է կայացվել ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի հաջորդ՝ 84-րդ նիստն անցկացնել   2027 թվականի 1-ին կիսամյակում Ռուսաստանի Դաշնությունում։

82