Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
(Երևան, Հայաստան) Հայաստանի Հանրապետության Աղոթքի Նախաճաշը (RAPB) 2026 թվականի հոկտեմբերի 2–3-ը Երևանում կհամախմբի Հայաստանից և արտերկրից ժամանած առաջնորդների՝ պետական կառավարման, դիվանագիտական, գործարար աշխարհի, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և կրոնական ոլորտների ներկայացուցիչների։
Անցյալ տարի կայացած անդրանիկ հանդիպումից հետո RAPB 2026-ը նպատակ ունի խորացնել հավատքի և հանրային կյանքի հատման կետում ձևավորվող երկխոսությունը՝ կենտրոնանալով սկզբունքահեն առաջնորդության, միջազգային համագործակցության և փոփոխվող տարածաշրջանում Հայաստանի դերի վրա։ Միջոցառմանը կմասնակցեն ներկայացուցիչներ Հայաստանից, Եվրոպայից, Միացյալ Նահանգներից, Մերձավոր Արևելքից, Աֆրիկայից, Հարավային Ամերիկայից և Ասիայից։
Միջազգային մասնակցության ընդլայնմանը զուգընթաց՝ այս միջոցառումը ձևավորվում է որպես կրոնական ազատությանը նվիրված՝ Հայաստանի առաջատար միջազգային հարթակ։
«Աղոթքի առաջին Նախաճաշը ցույց տվեց, թե որքան կարևոր է հավատքի, աղոթքի և մարդկային հարաբերությունների միջոցով մարդկանց համախմբել միասնության շուրջ», — ասել է կազմակերպչական կոմիտեի նախագահ Ստեփան Սարգսյանը։ 2026 թվականին մենք ցանկանում ենք հիմնվել այդ հիմքի վրա՝ խորացնելով այն հարաբերությունները, որոնք կարող են ծառայել Հայաստանին, երբ նրա պատմության համար կարևոր նշանակություն ունեցող այս պահին համախմբվում ենք միասին աղոթելու»:
Երկօրյա ծրագրի շրջանակում կանցկացվեն տարածաշրջանային և գլոբալ խնդիրներին նվիրված փորձագիտական պանելային քննարկումներ, հանրային կյանքում հավատքի դերին վերաբերող թեմատիկ քննարկումներ, ինչպես նաև մասնակիցների միջև մասնագիտական շփումների և նոր կապերի ձևավորման լայն հնարավորություններ։
Աղոթքի Նախաճաշի ընթացքում հիմնական ելույթով հանդես կգա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա ելույթին կհաջորդեն քաղաքական և կրոնական առաջնորդների մտորումներն ու աղոթքը։
Հիմնվելով Հայաստանի պատմական քրիստոնեական ժառանգության վրա՝ միջոցառումը հնարավորություն է ստեղծում երկխոսության և համագործակցության հիման վրա՝ հաղթահարել քաղաքական, ազգային և դավանական տարբերությունները։
Այն համախմբում է Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանում գործող այլ քրիստոնեական դավանանքների ներկայացուցիչներին, ինչպես նաև տարբեր կրոնական ավանդույթներ և համայնքներ ներկայացնող մասնակիցների՝ հավատքի շուրջ համախմբվելու, միմյանց հետ հաղորդակցվելու և համատեղ լուծումներ որոնելու նպատակով։ Հայաստանի Հանրապետության Աղոթքի Նախաճաշը Հայաստանում գործող՝ քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող անկախ նախաձեռնություն է։
Այն համախմբում է հայաստանյան և միջազգային առաջնորդների՝ միասին աղոթելու, փոխհարաբերություններ ձևավորելու և հավատքի, առաջնորդության, կրոնական ազատության, խաղաղության և Հայաստանի ապագայի շուրջ խորհրդածելու նպատակով։