Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սահմանադրական դատարանը մերժել է «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ներկայացրած դիմումի քննությունը, որով վիճարկվում էր ԱԺ-ի կողմից կառավարության ծրագիրը հաստատելու մասին ԱԺՈ-3-Ն որոշման սահմանադրականության հարցը։
ԱԺՈ-3-Ն որոշումը վիճարկվել է ամբողջությամբ՝ դրա ընդունման նախատեսված կարգի խախտման հիմքով, իսկ բովանդակային առումով՝ այնքանով, որքանով այդ որոշմամբ Ազգային ժողովը հավանություն է տվել Կառավարության ծրագրի «Գլուխ 7. Հոգևոր անվտանգություն» բաժնի ներածական ձևակերպումներին և 1-3-րդ կետերին, որոնք պետական քաղաքականության նպատակ են դարձնում Եկեղեցու ներքին կանոնական կառավարման ոլորտին վերաբերող գործողությունները՝ արդյունքում խախտելով ինչպես Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու, այնպես էլ մարդկանց խղճի և դավանանքի իրավունքի ազատությանը։
Այս մասին ասում է ՍԴ որոշման մեջ։
«Դիմողը նշում է, որ Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ հիմնական հարցադրումը. արդյոք ԱԺՈ-3-Ն որոշումը կարո՞ղ է համարվել Սահմանադրությանը համապատասխան ընդունված, եթե Ազգային ժողովը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի ընթացքում, մինչև «Ազգային ժողովի» Կանոնակարգի 33-րդ հոդվածով նախորդող օրակարգային հարցի՝ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների քննարկման ավարտը, անցել է Կառավարության ծրագրի քննարկմանը այդպիսի շեղում թույլատրող իրավական հիմքի բացակայության պայմաններում՝ նկատի ունենալով Սահմանադրության 88-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված Ազգային ժողովի՝ իր Կանոնակարգին համապատասխան գործելու պարտադիր պահանջը և Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրինականության սկզբունքը:
Վաղաժամ անցումը Կառավարության ծրագրին ոչ միայն ձևականորեն փոխել է օրակարգը, այլև մեծամասնությանը թույլ է տվել իր քաղաքականապես կարևորագույն վստահության հարցը քննարկել այն փուլում, երբ ընդդիմությանը համամասնորեն վերապահված մի շարք հանձնաժողովների ղեկավար պաշտոնների ընտրությունները դեռ բաց էին: Սա խաթարում է Սահմանադրության 94-րդ հոդվածով երաշխավորված ազատ ներկայացուցչական մանդատի սահմանադրական էությունը, 105-րդ հոդվածով խմբակցությունների՝ խորհրդարանի քաղաքական կամքի ձևավորմանը նպաստելու գործառույթը և խորհրդարանական փոքրամասնության ինստիտուցիոնալ մասնակցության երաշխիքները:
Դիմողն ընդգծում է, որ որևէ սահմանադրական կամ օրենսդրական նորմ Կառավարությանը չի լիազորում հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին կամ այլ կերպ «ապահովել» նրա հանգստի կոչումը, նախաձեռնել կամ կազմակերպել կաթողիկոսական տեղապահի ընտրություն, պարտադրել Եկեղեցու կանոնադրության ընդունում կամ որոշել դրա պարտադիր բովանդակությունը, կազմակերպել կամ արդյունք ապահովել նոր կաթողիկոսի ընտրության համար: Այս կապակցությամբ ի շարս այլնի՝ Դիմողը նշում է նաև. «Այն հակափաստարկը, թե ծրագիրը միայն «ջանքեր գործադրելու» մասին է և դեռ անմիջական իրավական հետևանք չի առաջացնում, անտեսում է ծրագրի սահմանադրական գործառույթը: Պետության բարձրագույն մարմինների ընդունած պաշտոնական քաղաքականությունը կարող է արդեն իսկ ճնշում գործադրել կրոնական համայնքի անդամների ու մարմինների վրա, ազդել ներքին որոշումների ազատության վրա և ուղղորդել հետագա վարչական, օրենսդրական ու իրավապահ գործողությունները: Ընդ որում՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հանդեպ արդեն իսկ դե ֆակտո իրականացվում են պետական ապօրինի միջամտության զանգվածային նախաձեռնություններ: Սահմանադրական վերահսկողությունը հենց նման ներկա և ապագա հակասահմանադրական գործողությունների հիմքը կանխելու սահմանադրական ուղղվածություն ու նշանակություն ունի հատկապես վերացական սահմանադրական վերահսկողության լիազորության շրջանակներում: Ակնհայտ է նաև, որ նշվածն այլևս ՀՀ Ազգային ժողովի ընդունած իրավական ակտի՝ վիճարկվող որոշման շրջանակում հանդիսացող հանգամանք է...:
Սահմանադրական դատարանը փաստում է, որ Կառավարության ծրագրի դրույթներն ինքնին չեն կարող հանդիսանալ սահմանադրական վերահսկողության առարկա, քանի որ դրանք չունեն նորմատիվ բովանդակություն։ Դրանք քաղաքական հայտարարություններ են, որոնք ձեռք են բերում իրավական նշանակություն միայն հետագա իրավաստեղծ գործունեության արդյունքում, հետևաբար ԱԺՈ-3-Ն որոշումը, որով հավանություն է տրվում այդ ծրագրին, նույնպես չի կարող հանդիսանալ սահմանադրական վերահսկողության առարկա այն առումով, որքանով դա վերաբերում է ծրագրի բովանդակային դրույթներին...։
Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ դիմումը չի ապահովում Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրաիրավական հարցի՝ ըստ էության քննության համար անհրաժեշտ փաստարկվածության նվազագույն շեմը, որպիսի պայմաններում սույն գործի քննությունը ենթակա է մերժման Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով»,- ասվում է ՍԴ աշխատակարգային որոշման մեջ:
ԱԺ-ի կողմից կառավարության ծրագիրը հաստատելու մասին 2026թ. օգոստոսի 25-ի որոշումը։
Կառավարության ծրագրի «Հոգևոր անվտանգություն» բաժնի 1-3 կետերն են.
«1) Ապահովվելու է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը), և սահմանված կարգով իրականացվելու է կաթողիկոսական տեղապահի ընտրություն:
2) Ապահովվելու է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կանոնադրության ընդունումը, որով պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր:
3) Սահմանված կարգով ապահովվելու է Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությունը»,- ասվում է որոշման մեջ: