Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանում պաշտոնապես մեկնարկել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության 17-րդ համաժողովը (COP17)։ Գագաթնաժողովի բացման արարողությանն ունեցած ողջույնի ելույթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազդարարեց բնապահպանական այս խոշորագույն միջազգային իրադարձության աշխատանքների սկիզբը։

Վարչապետն ընդգծեց, որ COP17-ի հյուրընկալմամբ Հայաստանի մայրաքաղաքը դառնում է համաշխարհային երկխոսության և հավաքական պատասխանատվության առանցքային հարթակ։ Նրա խոսքով՝ կենսաբազմազանության պահպանումն անմիջականորեն կապված է մարդկության առողջության, պարենային ու ջրային անվտանգության և ապագա սերունդների բարեկեցության հետ։

«Սերունդներ շարունակ մենք մեր տնտեսություններն ու քաղաքները կառուցել ենք այն պատկերացմամբ, թե կարծես բնությունը անսպառ ռեսուրս է․․․ Բայց ջրհեղեղները, անտառային հրդեհները և տեսակների անհետացումը մեզ հիշեցնում են մեկ հիմնարար ճշմարտություն․ մարդու բարեկեցությունն ու էկոհամակարգերի առողջությունը անբաժանելի են»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ միջազգային հանրության ջանքերը դեպի կոնկրետ ու չափելի արդյունքներ ուղղորդելու համար։ Փաշինյանը հիշեցրեց, որ 2022 թվականին ընդունված Կունմին-Մոնրեալի գլոբալ շրջանակի նպատակներին հասնելու համար մինչև 2030 թվականը մնացել է ընդամենը չորս տարի, ինչը պահանջում է գործողությունների զգալի արագացում։

Վարչապետն իր երախտագիտությունը հայտնեց COP17-ի կազմակերպման կոմիտեին, Շրջակա միջավայրի ու Արտաքին գործերի նախարարություններին, Կոնվենցիայի քարտուղարությանը և միջազգային պատվիրակներին՝ արդյունավետ համագործակցության ու Հայաստանին ցուցաբերած վստահության համար։

«Դեպի 2030 թվական ճանապարհն արդեն սկսված է, մենք այլևս սպասելու ժամանակ չունենք։ Թող Երևանը դառնա քաղաքական նոր վճռականության հանգրվան, որտեղ խոսքերից անցնում ենք գործի»,- եզրափակեց ՀՀ վարչապետը։

155