Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Կոլումբիայի համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին կենսաբազմազանության կորուստը զսպող կոալիցիայի ձևավորման տիրույթում»,- այս մասին Երևանում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովի շրջանակում հայտարարեց Կոլումբիայի շրջակա միջավայրի և տարածքային կառավարման գրասենյակի ղեկավար, COP16-ի նախագահության ներկայացուցիչ Դեյվիդ Օլարտե Ամայան։
Նա իր խոսքն ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, արտաքին գործերի և միջազգային առևտրի, ինչպես նաև շրջակա միջավայրի նախարարներին և Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի քարտուղարության ղեկավար Աստրիդ Շոմակերին՝ երախտագիտություն հայտնելով Հայաստանի Կառավարությանն ու հայ ժողովրդին համաժողովի գերազանց կազմակերպման և ջերմ հյուրընկալության համար։
Կոլումբիացի պաշտոնյան հայտնեց Հայաստանի նախաձեռնած կոալիցիային միանալու և աջակցելու պատրաստակամության մասին, որն ուղղված է կենսաբազմազանության կորստի զսպմանն ու առանձին տեսակների վերականգնմանը։ Նա ընդգծեց, որ իրենց երկրի համար չափազանց կարևոր է ինչպես էկոհամակարգերի պահպանումը, այնպես էլ տեղական համայնքների ավանդական կենսակերպի պաշտպանությունը։
Անդրադառնալով Կունմինգ-Մոնրեալ գլոբալ շրջանակի նպատակներին՝ Ամայան շեշտեց 20 վտանգված տեսակների բնամիջավայրերը վերականգնելու անհրաժեշտությունը։ Նա նշեց, որ Կոլումբիայում արդեն սկսել են հատուկ տեսակի կոկորդիլոսների բնամիջավայրերի վերականգնման աշխատանքները։
Ելույթի ավարտին Դեյվիդ Օլարտե Ամայան կարևորեց մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցությունը, որի ռեսուրսները նպաստում են էկոլոգիական վերականգնմանն ու տնտեսության կայուն զարգացմանը։
«Մեր ընդհանուր մարտահրավերների ներքո է անցում անել հանձնառություններից դեպի իրականացում․․․ Համատեղ կարող ենք բնության հետ ներդաշնակ կյանքի գաղափարախոսությունը դարձնել իրականություն»,- եզրափակեց նա։