Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 28-ին` Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Բնություն և խաղաղություն. բնության դերը հակամարտությունների կանխարգելման և հետհակամարտային իրավիճակներում սոցիալական համախմբվածության ամրապնդման գործում» խորագրով միջոցառմանը։

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման կարևորությունը խաղաղության ամրապնդման, կայուն զարգացման և հասարակությունների դիմակայունության բարձրացման գործում՝ նշելով, որ շրջակա միջավայրի վատթարացումը, կլիմայի փոփոխությունը և բնական ռեսուրսների նկատմամբ աճող ճնշումը կարող են խորացնել առկա մարտահրավերներն ու լարվածությունը, հատկապես` հակամարտություններից տուժած տարածաշրջաններում։

Անդրադառնալով Հարավային Կովկասում զարգացումներին` ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդգծել է, որ ավելի քան երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո տարածաշրջանում առկա է պատմական հնարավորություն՝ ամրապնդելու հաստատված խաղաղությունը և նոր հիմքեր ձևավորելու հարևան երկրների միջև հարաբերությունների համար։ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է ստեղծում կայուն զարգացման և փոխշահավետ համագործակցության համար՝ միաժամանակ նշելով, որ փոխադարձ վստահության ձևավորումը պահանջում է հետևողական աշխատանք:

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև COP17-ի շրջանակներում ՀՀ նախագահության չորս նախաձեռնություններին` ընդգծելով դրանց նշանակությունը միջազգային համագործակցության ամրապնդման, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանության գործնական ու տեխնիկական աջակցության ընդլայնման գործում։

121