Պարենային ապրանքների գների ընդհանուր ինդեքսը հունվարին տարեկան արտահայտությամբ աճել Է 4,7 կետով կամ 4,3 տոկոսով՝ մինչեւ 113,3 կետ, ցուցիչն աճում Է արդեն ութերորդ ամիսն անընդմեջ եւ հասել Է 2014 թվականից ի վեր առավելագույն մակարդակի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը վկայում Է ՄԱԿ-ի Պարենավորման ու գյուղատնտեսական կազմակերպության (FAO) մամուլի տեղեկագիրը: FAO-ն գրանցում Է բոլոր կատեգորիաների ապրանքների արժեքի աճ. առավել նկատելին շաքարի, հացաբույսերի եւ բուսայուղերի գներն են: Այսպես, շաքարի գների ինդեքսը բարձրացել Է 7 կետով (8,1 տոկոս)՝ մինչեւ 94,2 կետ: Գների աճը բացատրվում Է ԵՄ-ում, ՌԴ-ում եւ Թաիլանդում բերքի տեսակների առաջարկի նվազմամբ եւ Հարավային Ամերիկայում չորային եղանակով, ինչպես նաեւ վերջերս նավթի թանկացմամբ եւ դոլարի նկատմամբ բրազիլական ռեալի ամրապնդմամբ. Բրազիլիան շաքարի՝ աշխարհում խոշորագույն արտահանողն Է: Հունվարին հացաբույսերի գների ինդեքսն ամսական արտահայտությամբ բարձրացել Է 8,3 կետով կամ 7,1 տոկոսով՝ մինչեւ 124,2 կետ: Նշվում Է եգիպտացորենի համաշխարհային գների կտրուկ աճ՝ առաջարկի ընդհանուր նվազման, ինչպես նաեւ Հարավային Ամերիկայում չորային եղանակի պատճառով: Ինչպես նշում Է FAO-ն, թանկացել Է նաեւ ցորենը, այդ թվում՝ «Ռուսաստանի Դաշնության կողմից վաճառքների ծավալների սպասվող կրճատման պատճառով, որտեղ 2021 թվականի մարտից ցորենի արտահանման մաքսերը կավելանան կրկնակի»:

 

Բուսայուղերի գների ինդեքսը դեկտեմբերի դրությամբ բարձրացել Է 7,7 կետով (5,8 տոկոս) եւ կազմել 138,8 կետ. դա ամենաբարձր մակարդակն Է 2012 թվականի մայիսից ի վեր: Ինդեքսն աճել Է ութերորդ ամիսն անընդմեջ՝ պայմանավորված արմավենու, սոյայի եւ արեւածաղկի ձեթերի թանկացմամբ, ասվում Է տեղեկագրում: Կաթնամթերքի գների ինդեքսը հունվարին աճել Է 1,7 կետով (1,6 տոկոս)՝ մինչեւ 111 կետ: Թանկացել Է սերուցքային կարագը եւ անարատ կաթի փոշին՝ Չինաստանում լուսնային Ամանորի տոնակատարությունից առաջ մեծ գնումների եւ Նոր Զելանդիայից մատակարարումների սեզոնային նվազման հետեւանքով: FAO-ի գների ինդեքսը մսի համար կազմել Է 96 կետ (աճը՝ 0,9 կետ կամ 1 տոկոսով), ցուցանիշն աճում Է չորրորդ ամիսն անընդմեջ: Կազմակերպությունը նշում Է մսի բոլոր տեսակների գների աճ, ամենից շատ՝ թռչնամսի, հատկապես Բրազիլիայում` ակտիվ պահանջարկի եւ Եվրոպայի երկրներից արտահանման սահմանափակման պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

1182