Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՊՀ երկրների «Մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի շրջանակում Սյունիքի մարզի Մեղրի քաղաքը հռչակվել էր 2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք։

Նոյեմբերի 1-ին ԱՊՀ երկրների ազգային երգի և նվագարանների համատեղ համերգով ամփոփվել է «Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026» ծրագիրը, որի ընթացքում ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք կոչումը փոխանցվել Բելառուսի Հանրապետության Մոլոդեչնո քաղաքին:

Հանդիսությանը ողջույնի խոսքով հանդես են եկելԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իքսանովը և Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանը: Ներկայացվել է նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևի ողջույնի խոսքը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, ողջունելով Մեղրիում և Սյունյաց աշխարհում հավաքված հյուրերին, նշել է, որ Մեղրին մշակութային մայրաքաղաք հռչակելու ծրագիրը մեծ պատասխանատվություն էր, որը հնարավորություն է տվել ներկայացնելու հայկական մշակույթը և զարգացնելու տարածաշրջանի ենթակառուցվածքները՝ աշխուժացնելով զբոսաշրջությունը։ Նախարարի տեղակալն արձանագրել է, որ Մեղրին հպարտությամբ է կրել ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի տիտղոսը՝ դառնալով երկխոսության յուրօրինակ հարթակ։ Ապրիլից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Մեղրիում շուրջ երեք տասնյակ տարաբնույթ միջոցառումներ են անցկացվել, այդ թվում՝ ծառատունկ, «Տարազ ֆեստ», Համագործակցության երկրների կինոփառատոնը, Երևանյան գրքի արտագնա փառատոնը, ժողովրդական արհեստների և պարի փառատոներ, նամականիշի մարում և այլ միջոցառումներ:

Մշակութային տարաբնույթ միջոցառումներն ընդգրկել են ոչ միայն Մեղրի քաղաքը, այլև Մեղրի համայնքը՝ Ագարակը և Շվանիձորը, ինչը համահունչ է ՀՀ որդեգրած մշակութային կյանքի ապակենտրոնացման և մշակույթի հասանելիություն ռազմավարությանը։

Նախարարի տեղակալը հաջող ընթացք է մաղթել Բելառուսի Մոլոդեչնո քաղաքին, որը ստանձնելու է 2027 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի դերը: Տիգրան Վիրաբյանը ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաքի կոչումը հանդիսավոր կերպով փոխանցել է Բելառուսի Հանրապետության Մոլոդեչն քաղաքի շրջանային գործկոմի նախագահի տեղակալ Ալեսիա Լուկովսկայային՝ որպես մշակութային շրջապտույտի խորհրդանիշ հանձնելով արևը պատկերող հուշանվեր-կտավ։

ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իքսանովը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաքների աստղազարդ երկնակամարում Մեղրիի՝ որպես նոր ու պայծառ աստղի հայտնվելու կապակցությամբ։

Ծրագրի փակման շրջանակում ԱՊՀ անդամ պետությունների պատվիրակության ներկայացուցիչների համար կազմակերպվել էր մշակութային ճանաչողական ծրագիր։ Այցի ընթացքում հյուրերը շրջել են Մեղրիի պատմամշակութային վայրերով, այցելել Մեծ թաղի Սուրբ Աստվածածին և Փոքր թաղի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցիներ։ Պատվիրակության անդամները զբոսնել են նաև պատմական Փոքր թաղամասում, ծանոթացել տեղի բնակիչների կենցաղին, ինչպես նաև Մեղրիի հարուստ ավանդույթներին ու մշակութային ժառանգությանը:

65