Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 2–6-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ/CPT) աշնանային լիագումար նիստին՝ որպես Կոմիտեի՝ Հայաստանը ներկայացնող անդամ։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից:

Նիստի ընթացքում Կոմիտեն քննարկել և ընդունել է Պորտուգալիա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Լիտվա և Հյուսիսային Մակեդոնիա իրականացված այցերի վերաբերյալ զեկույցները։ Կոմիտեն նաև լսել է Բելգիա, Ֆինլանդիա, Շվեդիա և Մոլդովայի Հանրապետություն իրականացված վերջին այցերի վերաբերյալ բանավոր զեկույցները և ուսումնասիրել ազգային իշխանությունների՝ այցերի վերաբերյալ զեկույցներին ներկայացրած պատասխանները։

Նիստի շրջանակում Եվրոպայի խորհրդի՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA) նախագահ Քոնի Ռեյքենի հետ քննարկվել են երկու մեխանիզմների միջև համագործակցության ամրապնդման, ինչպես նաև ազատությունից զրկված՝ թրաֆիքինգի զոհերի նույնականացման և պաշտպանության ապահովման հարցերը։

Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Պաու Պերես-Սալեսի հետ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել, մասնավորապես, ազատությունից զրկված անձանց պահման վայրերի գերբնակեցման հետևանքներին։

Քննարկվել են նաև ազատությունից զրկված անձանց կենցաղային պայմաններին և դրանց մշտադիտարկմանն առնչվող հարցեր։

Հիշեցնենք, որ Անահիտ Մանասյանը Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ/CPT) Հայաստանը ներկայացնող անդամ է ընտրվել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից 2023 թվականի նոյեմբերի 29-ին։

84