Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կատալոնական «Բարսելոնան» արդեն սկսել է նախապատրաստական աշխատանքները ձմեռային տրանսֆերային պատուհանի համար։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմի առաջնահերթ նպատակը պաշտպանական գծի ուժեղացումն է՝ ձախլիկ կենտրոնական պաշտպանի ձեռքբերման միջոցով, սակայն ակումբի ֆինանսական սահմանափակումները կարող են լրջորեն բարդացնել այդ գործընթացը։
Ինչպես հայտնում է իսպանական Sport պարբերականը, կատալոնացիները հունվարին նախընտրում են նորեկ հրավիրել վարձակալական հիմունքներով՝ հետագա գնման իրավունքով, կամ դիտարկել ազատ գործակալի կարգավիճակ ունեցող խաղացողների տարբերակը։ Ըստ Goal-ի՝ թեև «կապտանռնագույնները» գործում են Լա Լիգայի ֆինանսական ֆեյր-փլեյի «1:1» կանոնի շրջանակում, ակումբի հնարավորությունները շարունակում են մնալ խիստ սահմանափակ։ Փոխնախագահ Ֆերան Օլիվեի ներկայացրած տվյալներով՝ աշխատավարձային ֆոնդում առկա ազատ սահմանաչափը կազմում է ընդամենը 3-4 միլիոն եվրո։ Լիարժեք տրանսֆեր իրականացնելու համար ակումբը նախ պետք է վաճառի գործող ֆուտբոլիստներից մեկին։
Աշխատավարձային բյուջեն բեռնաթափելու և նոր միջոցներ ներգրավելու համատեքստում քննարկվում է Ալեխանդրո Բալդեի ու Ժյուլ Կունդեի հնարավոր հեռացումը։ Mundo Deportivo-ի տեղեկություններով՝ Բալդեն դժգոհ է իր ստացած խաղաժամանակից և չի բացառում արդեն հունվարին ակումբային գրանցումը փոխելու տարբերակը, քանի որ ձախ եզրում Հանսի Ֆլիկը վերջին շրջանում նախապատվությունը տալիս է Ժոաու Կանսելուին և Խավի Էսպարտին։ Ըստ TEAMtalk-ի՝ իսպանացի պաշտպանի ծառայություններն առաջարկվել են անգլիական գրանդներին՝ «Լիվերպուլին» և «Մանչեսթեր Յունայթեդին», ընդ որում՝ մանկունիանցիները դիտարկում են նաև վարձակալության տարբերակը։
Ինչ վերաբերում է Ժյուլ Կունդեին, ապա ֆրանսիացու շուրջ ստեղծված իրավիճակին ուշադիր հետևում են Լոնդոնի «Չելսին» և Մյունխենի «Բավարիան»։ Ավելի վաղ El Nacional-ը գրել էր, որ այս երկու ֆուտբոլիստների վաճառքից «Բարսելոնան» կարող է վաստակել ընդհանուր առմամբ շուրջ 100 միլիոն եվրո (յուրաքանչյուրի տրանսֆերը գնահատվում է մոտ 50 միլիոն եվրո)։
Կատալոնական ակումբի դիտակետում է հայտնվել գերմանական «ՌԲ Լայպցիգի» 23-ամյա ֆրանսիացի պաշտպան Կաստելո Լուկեբան, որն իդեալականորեն համապատասխանում է թիմի փնտրած չափանիշներին։ Sports Mole-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը շահագրգռված է այդ տեղափոխությամբ, իսկ նրա նոր գործակալն արդեն հանդիպել է «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուի հետ։ Այդուհանդերձ, գործարքի կայացումը ձմռանը քիչ հավանական է, քանի որ գերմանական ակումբը մրցաշրջանի կեսին չի ցանկանում բաժանվել իր առանցքային խաղացողից և խոշոր գումար է պահանջում։
Որպես այլընտրանքային տարբերակներ՝ կատալոնական գրանդի ցուցակում ընդգրկված են նաև Լիսանդրո Մարտինեսը («Մանչեսթեր Յունայթեդ»), Ալեսանդրո Բաստոնին («Ինտեր») և հոլանդական «Տվենտեի» երիտասարդ պաշտպան Ռուդ Նիստադը։ Այսպիսով, «Բարսելոնայի» ձմեռային տրանսֆերային ակտիվությունն ուղղակիորեն կախված կլինի ակումբի ֆինանսական լծակներից և հնարավոր վաճառքներից։