Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ինչն է հրապարակված նոր Սահմանադրության նախագծում նոր։ Հատուկ Սահմանադրության նախագծի ներկայացման նպատակով ստեղծված կայքում մանրամասն ներկայացվում են բոլոր կետերը։

Պետության նպատակը և ժողովրդի իշխանությունը

«Նոր Սահմանադրության առաջին գլուխը սահմանում է, թե ինչ նպատակով է ստեղծվել Հայաստանի Հանրապետությունը, ում է պատկանում իշխանությունը և ինչ սկզբունքներով պետք է գործի պետությունը։

Նախագծում առանձին ամրագրվում է, որ Հայաստանի Հանրապետության հիմնադիրը ժողովուրդն է։ Պետության նպատակներն են՝ ապահովել ժողովրդի անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունը, պաշտպանել և զարգացնել ազգային ինքնությունը, ինչպես նաև պաշտպանել մարդու իրավունքներն ու ազատությունները։

Իշխանությունը պատկանում է ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին միասին։ Ժողովրդի իշխանությունն անօտարելի է, այսինքն՝ ոչ ոք չի կարող այն վերցնել ժողովրդից կամ իրեն համարել իշխանության միակ տերը։

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պետք է գործեն հանրային շահի համար, լինեն հաշվետու, ազնիվ և պատասխանատու իրենց աշխատանքում։ Նրանց իշխանությունը սահմանափակված է մարդու իրավունքներով և ազատություններով։ Այսինքն՝ պետական մարմիններն իրենց որոշումներում և գործողություններում պետք է հարգեն մարդկանց իրավունքները։

Նոր Սահմանադրությունը կարևորում է շուկայական տնտեսությունը, սեփականության պաշտպանությունը և տնտեսական զարգացումը։ Տնտեսական զարգացումը դիտվում է որպես պետական շահ, քանի որ այն կարևոր է մարդկանց և երկրի բարեկեցության համար։ Միաժամանակ շեշտվում է սոցիալական համերաշխությունը՝ յուրաքանչյուր մարդու ջանքն ու դրա արդյունքը գնահատելու և այդ հիմքով բարեկեցություն ստեղծելու գաղափարը։

Նախագծով Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերը դառնում են երկրի իրավական համակարգի մաս։ Դա նշանակում է, որ դրանք գործում են Հայաստանում՝ առանց դրանց բովանդակությունն ամեն անգամ առանձին օրենքում ամրագրելու անհրաժեշտության։

Հստակ նշվում է նաև զինված ուժերի նպատակը՝ պաշտպանել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունն ու անվտանգությունը։

Նախագիծը սահմանում է, թե ինչպես կարող են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու Կառավարության անդամներն ընդունել բոլորի համար պարտադիր կանոններ։ Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ օրենքը նրանց տվել է նման լիազորություն և հստակ որոշել, թե ինչ հարցերի վերաբերյալ կարող են այդ կանոններն ընդունվել։

Առանձնահատուկ պաշտպանություն է տրվում հայերենին՝ որպես Հայաստանի Հանրապետության պետական լեզվի։ Այդ դրույթը նախատեսվում է դարձնել անփոփոխելի. հայերենը չի կարող փոխարինվել այլ պետական լեզվով։

Նախատեսվում է նաև, որ Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշների նկարագրությունը սահմանող օրենքը կարող է ընդունվել միայն հանրաքվեով։

Այսպիսով, առաջին գլուխը ներկայացնում է պետության հիմքերը. ժողովուրդն է պետության հիմնադիրը և իշխանության աղբյուրը, իսկ պետական իշխանությունը պետք է ծառայի ժողովրդին, պաշտպանի նրա իրավունքները և գործի հանրային շահից ելնելով»,- գրված է նախագծում։

221