Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Էսիրո Մորին սեքսիստական հայտարարության պատճառով կհեռանա զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ճապոնական «Ֆիձի» ալիքը:

 

83-ամյա Մորին քննադատության թիրախում էր հայտնվել այն բանից հետո, երբ հայտարարել էր, որ սպորտային կոմիտեներում ու ֆեդերացիաներում կին մասնագետների ավելացումը բերում է նիստերի ձգձգման: Ըստ նրա՝ կանայք շատ երկար են ելույթ ունենում, և նրանցից յուրաքանչյուրը անհրաժեշտ է համարում ասել ինչ-որ բան: Ավելի ուշ Մորին ներողություն էր խնդրել իր հայտարարության համար, սակայն հրաժարական չէր ներկայացրել: Սպասվում է, որ Տոկիո-2020-ի կազմկոմիտեն նրա հեռացման մասին կհայտարարի փետրվարի 12-ին:

 

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021 թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Այս պահին Հայաստանն ունի 4 օլիմպիական ուղեգիր, երկուսը՝ հունահռոմեական ըմբշամարտում (Կարապետ Չալյան, 77 կգ, Արթուր Ալեքսանյան, 97 կգ), մեկական՝ սպորտային մարմնամարզությունում (Արթուր Դավթյան) ու բռնցքամարտում (Կորյուն Սողոմոնյան, 52 կգ):

 

Աղբյուր՝ sport.news.am

831