AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

Մեր զրուցակիցը Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի բուժքույրական գործ բաժնի ուսանողուհի Ասյա Հարությունյանն է:

Ասյա, ինչպե՞ս ընտրեցիք բուժքրոջ մասնագիտությունը:

Դեռ վաղ տարիքից սիրել եմ բժշկուհու էսթետիկան, իմ արջև նպատակ դրեցի և ընդունվեցի:

Մեհրաբյանի անվան Երևանի բժշկական ինստիտուտում ի՞նչ առարկաներ եք ուսումնասիրում:

Ուսումնասիրում ենք մարդու կենսագործունեության փուլերը, անատոմիա, մանրէաբանություն, համաճարակաբանություն և այլն։

Որո՞նք են այն հիմնարար հատկություններն ու որակները, որոնք պետք է ունենա բուժքույրն իր գործառույթները հավուր պատշաճի իրագործելու համար:

Պետք է ունենա կոկիկ և պատշաճ տեսք. կարևորագույններից մեկն է դա, լինի շատ ուշադիր և յուրովի մոտեցում ցուցաբերի յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ։

Ի վերջո, բուժքույրը բժշկի օգնակա՞նն է, թե առանց նրա էլ բժիշկը կարող է աշխատել:

Բուժքույր և բժիշկ. չենք կարող ասոցացնել մեկը մյուսի հետ, դրանք տարբեր բաներ են: Բուժքույրը կարող է ցուցաբերել առաջին օգնություն, օգնել հիվանդին և բժշկին։ Բժիշկը ավելի մեծ պարտականություններ ունի իր առջև դրված, քան բուժքույրը։

 

Մի փոքր կխոսե՞ք պրակտիկայից: Ո՞ր կառույցներում եք անցնում ձեր պրակտիկան: Ի՞նչ առաջնահերթ հմտություններ եք ձեռք բերել պրակտիկայի ընթացքում:

Պրակտիկաները անցնում են շատ լավ. հավուր պատշաճի, իդեալական կերպով մանրամասն բացատրվում է ամեն մի փոքր մանրուք, յուրաքանչյուր ուսանողի նկատմամբ ցուցաբերվում է առանձնահատուկ մոտեցում: Պրակտիկաներն իրագործվում են հիմնականում «Սլավմեդ» բժշկական կենտրոնում և այլ բժշկական հաստատություններում։

Հետագայում կրթությունն այլ հաստատություններում շարունակելու մտադրություն ունե՞ք:

Դեռ չգիտեմ, գուցեև մտադրություն լինի շարունակելու։

Հասարակության մեջ տարածված կարծրատիպ կա, թե իգական սեռի ներկայացուցիչների համար բուժքրոջ մասնագիտությունը հարմար է: Արդյոք յուրաքանաչյուր աղջիկ\կին կարո՞ղ է լավ բուժքույր լինել:

Ես կկոտրեմ այդ կարծրատիպը, չկա նման կարծրատիպ։ Յուրաքանչյուր ոք, ով խելացի է և ցանկություն ունի օգնել մարդկանց, չի կարող առաջացնել կարծրատիպ, եթե լսենք հասարակությանը, ապա աղջիկը պետք է չսովորի։

Ապագա բուժքույրերին ի՞նչ խորհուրդներ կտաք:

Շատ-շատ սիրեն իրենց նախընտրած մասնագիտությունը. առաջնային կետերից մեկն է դա, չխուսափեն առաջացող խնդիրներից, դժվարություններից և շատ լավ սովորեն իրենց մասնագիտությունը: Մենք լավ բուժքույրերի պակաս շատ ունենք։

Որտե՞ղ կցանկանայիք ծավալել Ձեր մասնագիտական գործունեությունը:

Չեմ սիրում ապագայի մասին պլաններ կազմել. ժամանակը կգա և ամեն ինչ պարզ կլինի։

Երկրից դուրս նույնպե՞ս կարող եք Ձեր ավարտական վկայականով հանգիստ աշխատել:

Այո, միանշանակ, մեր ինստիտուտը առաջիններից մեկն է, որն ունի միջազգային հավատարմագրում, և բոլոր երկրներում, այդ թվում` ԱՄՆ-ում, կարող են մեր շրջանավարտները հեշտ և հանգիստ անցնել աշխատանքի։

Օլյա Շահինյան

41968