Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված «Նոր եվրոպական ոդիսական» նախագծին:

Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Շանզ-Էլիզե» նվագախմբի գլխավոր տնօրեն Ժան-Լուի Գավատորտան, դիրիժոր, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի ղեկավար Նարինե Ոսկանյանը, դիրիժոր Ֆիլիպ Հերվեգը, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային կցորդ Դավիդ Տյուրսը:

«Նոր եվրոպական ոդիսական» նախագիծը նախաձեռնել են «Շանզ Էլիզե» նվագախումբը (Պուատիե, Ֆրանսիա), «Ջովաննի Պիերլուիջի դա Պալեստրինա» կոնսերվատորիան (Կալիարի, Իտալիա) և Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը (Երևան, Հայաստան): Նախագիծը կրում է «1824–2024|Բեթհովենը և Եվրոպան» խորագիրը։

«Նոր եվրոպական ոդիսական» նախագիծը Հայաստանի, Ֆրանսիայի և Իտալիայի մշակութային հաստատությունների միջև ստեղծված համագործակցություն է, որը միավորում է երեք երկրների երաժիշտներին ու կրթական գործիչներին՝ նշելու Բեթհովենի մնայուն ժառանգությունը և վերաիմաստավորելու նրա դերը ժամանակակից երաժշտարվեստի բնագավառում։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին առաջին անգամ Հայաստան գալու և ՀՀ-ն Բեթհովենյան արշավի երկրների մեջ ընդգրկելու համար: Նա հատկապես ուրախալի է համարել այն փաստը, որ նվագախումբը կազմավորված է եվրոպական տարբեր երկրների նվագողներից, ու այդ միասնական բեթհովենյան ընտանիքի մի մասնիկն են նաև Հայաստանի երաժիշտները:

«Սա հրաշալի առիթ է, որպեսզի մենք հայ հնագույն երաժշտությունն արժևորենք համաշխարհային երաժշտության պատմության համատեքստում: Այս օրերին մեր երաժիշտներին փոխանցվող փորձառությունը երաժշտական վարպետության ու հմտությունների հրաշալի հնարավորություն է»,- ասել է Դանիել Դանիելյանը շնորհակալություն հայտնելով գործընկերներին համագործակցության համար:

Նախագծին անդրադարձել են նաև մյուս բանախոսները՝ ներկայացնելով «Նոր եվրոպական ոդիսական» նախագծի պատմությունը և հայաստանյան ծրագիրը։

2024 թվականի հուլիսին Կալիարիում տասը երիտասարդ երաժիշտ միացել են «Շանզ Էլիզե» նվագախմբին՝ մասնակցելով 10 համերգից բաղկացած եվրոպական շրջագայությանը, որը կազմակերպվել էր Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի բարձր հովանու ներքո։

2025 թվականին նախագիծն անցկացվում է Երևանում (հունիսի 30–հուլիսի 6) Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Բեթհովեն II ակադեմիան կղեկավարեն աշխարհահռչակ դիրիժոր Ֆիլիպ Հերևեգեն և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի ղեկավար, դիրիժոր Նարինե Ոսկանյանը։

«Նոր եվրոպական ոդիսական» նվագախմբի նախագիծը միավորում է տարբեր երկրների երաժիշտ-կատարողներին՝ խթանելով պատմամշակութային ժառանգության վերաիմաստավորումը և արվեստի նորարարական մոտեցումները՝ ստեղծելով հարթակ երիտասարդ երաժիշտների զարգացման, համագործակցության և մշակույթների միջև կապերի ձևավորման համար։ Նախագիծն ուղղված է եվրոպական երաժշտական ժառանգության և արվեստագետների հանրայնացմանը։

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության համաֆինանսավորմամբ:

160