
2021 թվականի ապրիլի 3-11-ը Մոսկվայում տեղի ունեցավ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանը ներկայացրել էր 15 ծանրորդ։ Տղաների պայքարում մրցահարթակ դուրս եկան Ռաֆիկ Հարությունյանը և Կարեն Մարգարյանը 81 կգ քաշային կարգով, Անդրանիկ Կարապետյանը և Կարեն Ավագյանը՝ 89 կգ, Դավիթ Հովհաննիսյանը և Հակոբ Մկրտչյանը՝ 96 կգ, Սամվել Գասպարյանը և Արսեն Մարտիրոսյանը՝ 102 կգ, Սիմոն Մարտիրոսյանը՝ 109 կգ, Գոռ Մինասյանը և Վարազդատ Լալայանը՝ +109 կգ։
Կանանց պայքարում Հայաստանը ներկայացրեցին Իզաբելլա Յալյանը՝ 59 կգ, Լիանա Գյուրջյանը՝ 81 կգ, Տաթև Հակոբյանը՝ 87 կգ, և Արփինե Դալալյանը՝ +87 կգ։
ԵԱ առաջին օրը մրցահարթակ դուրս եկավ Իզաբելլա Յոլյանը, որը երկամարտի 195 կգ արդյունքով զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը։ Պոկում վարժությունում նա 90 կգ արդյունքով գրավեց փոքր արծաթե մեդալ։ Իսկ հրում վարժությունում բարձրացրեց 105 կգ։ Այս քաշում չեմպիոնի կոչմանը արժանացավ ուկրաինացի Կամիլա Կոնտոպը՝ երկամարտում բարձրացնելով 208 կգ (95+113):
Տղաները պայքարի մեջ մտան ապրիլի 7-ից։ Առաջինը մրցահարթակ դուրս եկավ 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը և նվաճեց փոքր բրոնզե մեդալ։ Երկամարտում նա 346 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ տեղը, իսկ պոկում վարժությունում Ռաֆիկը գրանցեց 150 կգ արդյունք:
Մրցումային 6-րդ օրը Հայաստանը ունեցավ առաջին Եվրոպայի չեմպիոնը 89 կգ քաշային կարգում։ Կարեն Ավագյանը երկամարտում հավաքեց 375 կգ արդյունք և 1 կգ-ով գերազանցեց երկրորդ տեղը գրաված վրացի Ռեվազ Դավիթաձեին, իսկ Անդրանիկ Կարապետյանը հրեց 195, իսկ պոկումում 170 կգ-անոց ծանրաձողն ու երկամարտում նվաճեց բրոնզե մեդալ: Պոկում վարժությունում Կարապետյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ:
Կանանց պայքարում 81 կգ Լիանա Գյուրջյանը պոկում վարժությունում բարձրացրեց 98 կգ, իսկ հրում վարժությունում պարզապես փայլեց և ցույց տվեց 129 կգ՝ ադպիսով նվաճեց ԵԱ երրորդ հորիզոնականը։
96 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Հակոբ Մկրտչյանը երկամարտի 372 կգ արդյունքով գրավեց երրորդ տեղն ու նվաճեց բրոնզե մեդալ: Հրում վարժությունում Մկրտչյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց՝ ցույց տալով 212 կգ արդյունք: Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ՝ Դավիթ Հովհաննիսյանը զրո ստացավ:
102 կգ քաշային կարգում երկամարտի 390 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն դարձավ Սամվել Գասպարյանը, իսկ փոխչեմպիոն՝ 380 կգ արդյունքով՝ Արսեն Մարտիրոսյանը: Երրորդ տեղը զբաղեցրեց ադրբեջանցի ծանրորդ Դադաշ Դադաշբայլին:
109 կգ քաշային ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ։ Օլիմպիական փոխչեմպիոն, այս քաշային կարգում Հայաստանի միակ ներկայացուցիչ Սիմոն Մարտիորսյանը պոկում վարժությունում գրավեց փոքր ոսկե մեդալ: Օլիմպիական փոխչեմպիոնը միայն 3-րդ մոտեցմամբ կարողացավ բարձրացնել 190 կգ-անոց ծանրաձողը:
87 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը երկամարտում 221 կգ արդյունք ցույց տվեց՝ պոկելով 101 և հրելով 120-անոց ծանրաձողը։ Պոկում վարժությունում 25-ամյա ծանրորդուհին գրանցեց 7-րդ, իսկ հրումում 9-րդ տեղը:
87+ կգ քաշային կարգում Արփինե Դալալյանը երկամարտում 4-րդն էր՝ 221 կգ արդյունքով: Պոկում՝ 95, իսկ հրում՝ 126 կգ։ Պոկում վարժությունում Արփինեն 6-րդն էր, իսկ հրումում՝ 4-րդը: Հրում վարժության երկրորդ ու երրորդ մոտեցումներից Արփինեն հրաժարվեց վնասվածքի պատճառով: Եվրոպայի չեմպիոն դարձավ Էմիլի Քեմբելը՝ 276 կգ արդյունքով:
Գերծանր քաշային կարգում Գոռ Մինասյանը երկամարտի 464 կգ արդյունքով զբաղեցրեց 2 հորիզոնականը, իսկ Վարազդատ Լալայանը երկամարտի 450 կգ արդյունքով գրավեց երրորդ տեղը։ Այս քաշում Եվրոպայի առաջնությանը Լաշա Տալախաձեն նվաճեց ոսկե մեդալ՝ գրանցելով երկամարտի 485 կգ արդյունք և սահմանեց աշխարհի ռեկորդ պոկում վարժությունում։
Այսպիսով ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը երկամարտի մեդալային հաշվարկում գրավեց երրորդ տեղը։ Փաշիկ Ալավերդյանի գլխավորած հավաքականը նվաճեց 2 ոսկե, 2 արծաթե եւ 4 բրոնզե մեդալները:
Առաջին տեղում Ուկրաինան է՝ 4 ոսկե, 1 արծաթե եւ 1 բրոնզե մեդալներով, երկրորդ տեղում Բուլղարիայի հավաքականն է՝ 3 ոսկե, 3 արծաթե եւ 1 բրոնզե մեդալով:
Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը 5-րդն է՝ 23 մեծ ու փոքր մեդալներով:
Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:
Թագուհի Մանուկյան