AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի շրջանավարտ (բակալավր), ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի «Թյուրքական պատմաբանասիրություն» մագիստրոսական ծրագրի մագիստրոս Ռաիսա Սարգսյանն է:

Ռաիսա, մեր օրերում հատկապես ընդգծվում է թյուրքագետի մասնագիտության կարևորությունը: Այն այսօր ավելի քան երբևէ արդիական է: Մեր երկրում որո՞նք են այն ոլորտները, որտեղ իր մասնագիտական գործունեությունը կարող է ծավալել թյուրքագետը:

Հաշվի առնելով ընթացող աշխարհաքաղաքական գործընթացները` ավելորդ եմ համարում նույնիսկ անդրադառնալու այս մասնագիտության կարևորությանն ու անհրաժեշտությանը: Չէի ցանկանա տարանջատել ու առանձնացնել որևէ ոլորտ. յուրաքանչյուր բնագավառում ու հարցում է այս մասնագիտությունը օգտակար ու կարևոր:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի «Թյուրքական պատմաբանասիրություն» մագիստրոսական ծրագրի շրջանակներում ի՞նչ առարակներ եք ուսումնասիրել:

Մեր ուսումնասիրության կենտրոնում էր Թուրքիայի Հանրապետությունը, հետևաբար՝ անցնում էինք այնպիսի առարկաներ, որոնց օգնությամբ վերլուծում ու բացահայտում էինք Թուրքիան՝ մշակութային, սոցիալ-քաղաքական, կրոնական, ռազմական, աշխարհաքաղաքական տեսանկյուններից: Թերևս հստակ կհիշեմ մի քանի առարկաների անվանումներ՝ Թուրքիայի սոցիալ-քաղաքական և մշակութային մարդաբանություն, Թուրքիա-Մերձավոր Արևելքի երկրների առանձնահատկությունները, Թուրքիայի և Ադրբեջանի ուժային կառույցները և անվտանգային քաղաքականության ասպեկտները:

Առանց թուրքերենի իմացության հնարավո՞ր է լավ թյուրքագետ լինել:

Կարծում եմ՝ լավ թյուրքագետ դառնալու ամենակարևոր նախապայմաններից մեկը թուրքերենի իմացությունն է. հենց լեզվի օգնությամբ կարելի է ծանոթանալ տվյալ ժողովրդին, նրա հոգեբանությանը, մշակույթին, արժեքներին ու մտածելակերպին:

Ո՞ր թեմայի շուրջ եք գրել Ձեր մագիստրոսական թեզը: Վերլուծական աշխատանքի ընթացքում ի՞նչ մեթոդաբանություն եք կիրառել:

Մագիստրոսական թեզս եղել է «Թուրքիա-Իրաք հարաբերությունները 2003-2019 թթ.»: Վերլուծական աշխատանքը գրելիս օգտվել եմ մի շարք ընդհանուր-գիտական և քաղաքագիտական մեթոդներից, որոնց շնորհիվ ուսումնասիրել եմ, թե տարիների ընթացքում ինչպես են զարգացել երկու երկրների հարաբերությունները, ինչպիսի շահեր են կողմերը հետապնդել, որոնք են եղել խոչընդոտներն իրենց համագործակցության ճանապարհին, ու ինչպես կարող են զարգանալ երկկողմ հարաբերությունները հետագայում:

Ռաիսա, դիմորդներից շատ քչերն են գիտակցում, թե կոնկրետ ինչ ֆակուլտետ են դիմում և թե ինչպիսի «անակնկալներ» են իրենց սպասվում առաջիկայում: Երբ ընդունվեցիք ԵՊՀ միջազգային հարաբերությունների քաղաքագիտության բաժին, գիտեի՞ք, թե ինչ բնույթի է լինելու ձեր ուսանողական կյանքը:

Մասնագիտությունս ընտրելիս՝ ես հստակ գիտակցում էի, թե ինչու և ինչ նպատակով եմ այն ընտրել ու նաև փոքրիշատե պատկերացնում էի ուսումնառության ընթացքը: Բայց միանշանակ «անակնկալներ» կային՝ կապված ուսումնական գործընթացի կազմակերպման հետ:

Ինձ ու իմ սերնդակիցներից շատերին «բախտ վիճակվեց» ԵՊՀ  միջազգային հարաբերությունների քաղաքագիտության և հանրային կառավարման բաժինների ամբողջ բակալավրի շրջանը երկրորդ հերթով սովորել: Ձեր դիտարկմամբ, անընդմեջ երկրորդ հերթով սովորելը ուսանողի համար խոչընդո՞տ էր միայն, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ուսանողներից շատերը չէին կարողանում համատեղել ուսումն ու աշխատանքը:

Բավականին դժվար էր երկրորդ հերթով սովորելը. ես չէի կարողանում հստակ պլանավորել իմ օրը, փորձում էի ամեն ինչ հասցնել գիշերը: Երկրորդ հերթով սովորելու միակ առավելությունը, թերևս, առավոտյան ուշ արթնանալն էր:

Մի փոքր կխոսե՞ք Ձեր դիպլոմային աշխատանքի ընթացքի մասին: Ինչի՞ վերաբերյալ է այն: Աշխատանքն ավարտելիս ի՞նչ առաջնահերթ եզրահանգումների եք եկել:

Դիպլոմային աշխատանքս՝ «Ահաբեկչության դրսևորման առանձնահատկությունները 21-րդ դարում», վերաբերում էր ժամանակակից ահաբեկչության դրսևորման մասշտաբայնությանն ու դաժանությանը, նրա մշտական էվոլյուցիային և հակաահաբեկչական պայքարի անհրաժեշտությանը: Դժբախտաբար, աշխարհի ոչ մի երկիր ամբողջությամբ պաշտպանված չէ այս վտանգից, իսկ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ցանցերը գրավել են աշխարհի գրեթե բոլոր երկրները, բավականին վտանգավոր են, լավ կազմակերպված: Աշխատանքի ավարտին մատնացույց եմ արել 21-րդ դարի ահաբեկչությանը բնորոշ հատկանիշները, տեսակները, նպատակներն ու հոգեբանական շարժառիթները, հակաահաբեկչական պայքարի նոր եղանակներն ու ահաբեկչության զարգացման միտումները:

Ռաիսա, քաղաքագիտության բազան թյուրքագիտություն ուսումնասիրելու ժամանակ Ձեզ որքանո՞վ է օգնել: Կմանրամասնե՞ք առաջին մասնագիտությունից դեպի երկրորդ մասնագիտություն անցումային փուլի բարդությունները:

Ընդհանրապես, քաղաքագիտություն մասնագիտությունը բազմակողմանի գիտելիքներ է տալիս, ու այդ բազայի շնորհիվ ավելի հեշտ էր դառնում ուսումնասիրել ու սովորել նոր մասնագիտությունս: Ինչ վերաբերում է առաջին մասնագիտությունից դեպի երկրորդ մասնագիտություն անցումային փուլի բարդություններին, ապա դժվարը ուղղակի այդ նոր մասնագիտության մեջ ինքս ինձ գտնելն էր:

Լինելով ԵՊՀ միջազգային հարաբերությունների քաղաքագիտության բաժինը գերազանց առաջադիմությամբ ավարտած անհատ` չե՞ք բարկանում արդյոք այն փաստից, որ յուրաքանչյուր երրորդն իրեն քաղաքագետ է համարում: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում դա կանխելու համար:

Ցանկացած քաղաքագետի համար ցավալի է, որ հասարակությունը նույն գնահատականն է տալիս քաղաքագետ մասնագետին ու իրենց քաղաքագետ կոչողներին: Ուղղակի պետք է հասկանալ, որ առաջինը համապատասխան կրթություն, լայն մտահորիզոն ունեցող վերլուծաբան, հետազոտող ու կանխատեսող է:

Ի՞նչ առաջնահերթ խորհուրդներ կտաք ապագա համալսարանականներին:

Ապագա համալսարականներին խորհուրդ կտամ մեծ պատասխանատվությամբ ու գիտակցությամբ մոտենան իրենց մասնագիտության ընտրությանը:

Օլյա Շահինյան

26 Ապրիլ, 2021 15:23
12819
; ;