AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:
AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի ուսանողուհի (բակալավր) Լիլիթ Մկրտչյանն է:
Լիլիթ, ասում են, որ մեր բնակչությանը կարելի է բաժանել քաղաքագետների և ոչ քաղաքագետների: Հասարակության քաղաքականացված լինելը Ձեզ չի՞ անհանգստացնում:
Այն, որ քաղաքականությունը ներթափանցում է կյանքի բոլոր ոլորտներ, ժողովրդավարական երկրի համար նորմալ և բնական երևույթ է, բայց մեր երկրում հասարակությունը չափից շատ է քաղաքականացված, ինչն իհարկե անհանգստացնող է։
Առհասարակ, ԵՊՀ-ում ինչպիսի՞ն է ուսանողական կյանքը` մասնավորապես դասախոս-ուսանող փոխհարաբերությունները:
ԵՊՀ֊ում ուսանողական կյանքը բավականին հետաքրքիր է ընթանում՝ մանավանդ իմ մասնագիտական ուսուցման շրջանակներում հետաքրքիր քննարկումները անպակաս են։ Լավ հիմքի վրա են դրված նաև ուսանող֊դասախոս փոխհարաբերությունները։ Կա փոխադարձ հարգանք և պատասխանատվություն դասախոսի և ուսանողի միջև, ինչից էլ, կարծում եմ, բխում են մնացած բոլոր գործոնները։
Երբևիցե զղջացե՞լ եք, որ մասնագիտության ընտրության հարցում նախապատվությունը քաղաքագիտությանն եք տվել:
Երբեք չեմ զղջացել, որովհետև երբևէ ինձ այլ ոլորտում չեմ պատկերացրել։
Ո՞ր ոլորտներում կարող է աշխատել ԵՊՀ քաղաքագիտության բաժնի շրջանավարտը:
Լավ որակավորում ունեցող քաղաքագետի պահանջարկը մերօրյա հասարակությունում իրոք մեծ է։ Քաղաքագիտության բաժնի շրջանավարտը կարող է աշխատել խորհրդատվական կենտրոններում, ժուռնալիստիկայի ոլորտում, ԱԺ֊ում, քաղաքական, սոցիալական և այլ կառույցներում։
Ֆակուլտետում ի՞նչ ընթացակարգով են անցկացվում միջանկյալ ստուգումներն ու ավարտական քննությունները:
Covid-ի պատճառով՝ օնլայն պայմաններում բանավոր և օնլայն թեստային եղանակներով էր անցկացվում, բայց առկայի պայմաններում, հիմնականում իրականացվում է բանավոր և գրավոր ընթացակարգերով։
Մայրենի լեզվով մասնագիտական գրականությունը Ձեզ հանձնարարվող գրականության քանի՞ տոկոսն է կազմում:
Մասնագիտական գրականության մոտ 60%֊ը օտարալեզու է, մնացած 40%֊ը տրամադրվում է հայալեզու։
Ուսումնառության ընթացքում ավելի շատ արտաքին, թե՞ ներքին քաղաքականությանն առնչվող առարկաներ եք ուսումնասիրել:
Մեր մասնագիտության տեսակից ելնելով՝ մինչև այժմ ուսումնասիրածս գրեթե բոլոր առարկաները հիմնականում առնչվում են թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականությանը։
Որո՞նք են եղել այն ոչ մասնագիտական առարկաները, որոնց դասավանդումը հատկապես կարևորում եք օրինապահ քաղաքացու կերտման համար:
Բոլորն էլ, իհարկե, յուրովի կարևոր են, բայց կառանձնացնեի իրավունքի հիմունքները, քաղաքացիական պաշպանություն և առաջին բուժօգնություն դասընթացները։ Ըստ իս՝ սրանք կարևոր առարկաներ են և մեծ դերակատարում ունեն օրինապահ և գիտակից անհատ կերտելու գործում։ Իսկ ցանկացած գիտակից անհատ կարող է կերտել գիտակից հասարակություն։
Ի՞նչ առաջնահերթ խորհուրդներ կտաք ապագա համալսարանականին:
Ընտրե՛ք ձեր մասնագիտությունը ոչ թե ըստ մասնագիտության տարածվածության աստիճանի կամ հասարակության կարծիքի, այլ սեփական հեռանկարներից և նախասիրությունից ելնելով։ Հիասթափություններ, միևնույն է, լինելու են, բայց դրանք անցողիկ զգացողություններ են։ Մի սահմանափակվեք առարկայական գրականությամբ։ Շատ կարդացե՛ք։ Ինքնակատարելագործվե՛ք։
Օլյա Շահինյան