
Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճած Լոնդոնի «Չելսին» կերկարաձգի պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ, հաղորդում է ESPN-ը։ Գերմանացի մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2023թ․ հունիս, եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Թոմաս Տուխելը հունվարին է տեղափոխվել «Չելսի»՝ փոխարինելով անգլիացի Ֆրենկ Լեմպարդին։ Տուխելի նախորդ ակումբը փարիզյան ՊՍԺ-ն էր։
«Չելսին» նաեւ երկարաժամկետ պայմանագիր կառաջարկի թիմի կիսապաշտպան Նգոլե Կանտեին, որը ճանաչվեց «Մանչեսթեր Սիթիի» հետ եզրափակիչ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը։
30-ամյա Կանտեի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։ Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն «Չելսիում» է 2016 թվականից։
Հիշեցնենք, որ «Չելսին» Պորտուգալիայի Պորտու քաղաքում տեղի ունեցած եզրափակիչում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» հաղթել է 1։0 հաշվով՝ երկրորդ անգամ նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը։ Առաջին անգամ լոնդոնյան թիմը տիտղոսը նվաճել էր 2012 թվականին։ «Մանչեսթեր Սիթին» առաջին անգամ հանդես եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։
Աղբյուր՝ sport.news.am