Ասյօր Սյունիքի մարզի Մեղրի համայնքում քայլերթի ժամանակ քաղաքացիներից մեկը մոտեցավ Նիկոլ Փաշինյանին ու առաջարկեց 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված Դավիթ Մաթեւոսյանին հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհել:

«Պարոն Փաշինյան, ես խոսում եմ բազմաթիվ մեղրեցիների անունից եւ խնդրում եմ ձեզ եւ ձեր կառավարությանը՝ որոշում կայացնեք Դավիթ Մաթեւոսյանին Ազգային հերոսի կոչում շնորհել»,- ասաց  Բագրատ Զաքարյանը: 

Պահեստազորի գնդապետ Բագրատ Զաքարյանը ընդգծեց, որ Մաթեւոսյանը մի մարդ էր, որն իր ամբողջ կյանքը նվիրել է մեր երկրի պետականաշինությանը եւ ոչ մի կառավարության կողմից չի գնահատվել: 

«Նախ ուզում եմ ասել, որ Դավիթ Մաթեւոսյանը իմ ընկերն է, ընկերն է եղել, ես ուզում եմ՝ դուք իմանաք, որ նրա մահվանից ոչ շատ առաջ ես նրա հետ հանդիպում եմ ունեցել եւ նրան ներգրավել եմ կոնկրետ պետական խնդիրների կատարման գործում: Ես ձեզ լսեցի, կարծում եմ՝ արժանի է, ես չէի ուզում եւ չէի կարող զուտ իմ ընկերական հարաբերության տրամաբանության մեջ այդ հարցը դնել, շնորհակալ եմ ձեզ, որ այդ հարցը բարձրացնում եք՝ պետական բարձր պարգեւի արժանացնելու, եւ ես ձեզ խոստանում եմ, որ դա անպայման կդիտարկվի»,- ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ 

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր, 1991-95-ին Մեղրիի ՆԳ բաժնի պետ, Սյունիքի նախկին փոխմարզպետ, ՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթեւոսյանը զոհվեց հոկտեմբերին՝ ռազմի դաշտում հայրենիքի պաշտպանի իր պարտքը կատարելիս: 60-ամյա Մաթեւոսյանը հուղարկավորվել է Եռաբլուրում: 

1743