«Հայաստան» դաշինքի կողմից Սահմանադրական դատարանին հասցեագրված դիմումի հետ նաև ներկայացրել է գրություն, միջնորդություն ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության հարցի վերաբերյալ։

Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

Նա հույս հայտնեց, որ ՍԴ-ն աշխատանքային նիստում քննության առարկա կդարձնի միջնորդությունը՝ նշելով, որ միջնորդություն ներկայացնելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ Վահե Գրիգորյանը մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով որպես դատավարական հակառակորդ՝ հանդես է եկել ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի։

«Վահե Գրիգորյանը, թեև որպես մասնագետ չկարծելով, որ ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածը սահմանադրական հոդված է, բայց պաշտպանում էր այդ հոդվածը։ Որպես մասնագետ, համոզված եմ, որ ինքը ևս համոզված էր, որ դա հակասահմանադրական է, Վահե Գրիգորյանը բավականաչափ փորձ ունի ԵԴ նախադեպերի, նաև՝ ներկայացուցչության մասով, բայց նման վարքագիծ էր դրսևորել»,- նշեց Վարդևանյանը՝ հավելելով, որ Վահե Գրիգորյանն ունի կանխակալ վերաբերմունք։

 

Armtimes

3032