Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել ԱՄՆ Անկախության օրը տոնելու կապակցությամբ:

Հայտարարության մեջ նշված է, որ Հայաստանի համար ծանր տարի էր, ինչպես կորոնավիրուսի համավարակի տեսանկյունից, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության ինտենսիվ ռազմական գործողությունների առնչությամբ: «Մենք շարունակում ենք ճանաչել կորուստները, որոնք կրել է Հայաստանը: Միեւնույն ժամանակ մենք հարգում ենք հսկայական գործընկերությունը մեր երկու երկրների միջեւ, որը հիմնված է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Այսօր նշելով ԱՄՆ անկախությունը՝ մենք նաեւ տոնում ենք այդ գործընկերությունը»,-նշված է հայտարարության մեջ:

Տեսաուղերձում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նաեւ ընդգծել է Հայաստանի հետ ստեղծված ամուր գործընկերային հարաբերությունները:

Նրա խոսքով՝ հաջորդ տարի Հայաստանն ու ԱՄՆ-ն կտոնեն դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը: Նա նաեւ նշել է, որ անցած տարի բարդ տարի էր գլոբալ առումով, ինչպես նաեւ Հայաստանի համար, մասնավորապես, COVID-19-ի տեսանկյունից:

Դեսպանի խոսքով՝ ԱՄՆ-ն արդեն հատկացրել է Հայաստանին 11 միլիոն դոլար համավարակի դեմ պայքարի համար: Նա նաեւ անդրադարձել է ղարաբաղյան պատերազմի հարցին՝ ասելով, որ ԱՄՆ կառավարությունը հատկացրել է 5 միլիոն դոլարի չափով հումանիտար օգնություն պատերազմից տուժած մարդկանց օգնելու եւ գործողություններն ապահովելու համար:
«COVID-19-ի եւ ղարաբաղյան հակամարտության ազդեցությունը շարունակվում է: ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Հայաստանի հետ միասին օգնության պահանջմունքը բավարարելու համար»,-հավելել է նա: Դեսպանը նշել է, որ ԱՄՆ-Հայաստան գործընկերության նպատակն է մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելը:

Դեսպանը նաեւ հիշեցրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: «Եկեք գնահատենք աշխատանքը, որը կատարել ենք մենք, որպեսզի օգնենք առավել տուժածներին սկսել առողջանալու գործընթացն ու շարժվել դեպի լավագույն ժամանակները»,-նշել է նա:

 

Աղբյուր՝ news.am

519