«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան» 2020 թ․-ի դեկտեմբերին պաշտոնապես մեկնարկել է «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» դրամաշնորհային ծրագիրը։ Այն մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ և իրականացվում է Համաշխարհային բանկի համակարգման ներքո՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ (Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի միջոցով)։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է ընտանեկան նպաստի համակարգում գրանցված ընտանիքներին տրամադրել սոցիալական բազմաբնույթ ծառայություններ,  հզորացնել նրանց հետ աշխատող սոցիալական ծառայությունների աշխատակիցների կարողությունները։ Նախատեսվում է սոցիալական դեպքի վարման համակարգի զարգացման և տեղայնացման, ինչպես նաև ձեռներեցության խթանման միջոցով բարելավել ավելի քան 11․000 քաղաքացիների սոցիալական վիճակը ՀՀ հինգ մարզերում՝ Արարատ, Արմավիր, Կոտայք, Լոռի և Շիրակ։ Ծրագրի ընթացքում կընտրվեն շահառու ընտանիքներ, որոնց համար հնարավորություն կստեղծվի ինքնուրույն հաղթահարել եկամտի աղբյուր ունենալուն խոչընդոտող խնդիրները և զարգացնել սեփական ձեռնարկատիրական հմտությունները։ Ծրագրով՝ շահառուներից կընտրվի 300 ընտանիք, որոնց կտրամադրվի 4 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհ։ 
 « Ծրագրի կարևոր առանձնահատկությունը նրա երկու հիմնական բաղադրիչներով նախատեսված սոցիալական աշխատանքի և ձեռնարկատիրական նախաձեռնությունների խթանման համադրումն է, որը ապահովելու է նոր որակ, նոր մոտեցումներ և արդյունքում շահառու անձանց կյանքում արձանագրվելու է էական դրական փոփոխություններ»,- Ռուբեն Մարկոսյան․«Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում»  ծրագրի ղեկավար

Ծրագրի արդյունքում Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների և համայնքային 200 սոցիալական աշխատողներ հնարավորություն կունենան յուրացնելու և զարգացնելու սոցիալական դեպքի վարման մասին գիտելիքներն ու գործնական հմտությունները։ Մասնավորապես, սոցիալական աշխատողները կզարգացնեն դեպքի հետ անհատական աշխատանքի, կարիքահեն մոտեցումներով գործելու հմտությունները՝ այդպիսով բարձրացնելով շահառուներին մատուցվող ծառայությունների արդյունավետությունը։ Ըստ այդմ, սոցիալական պաշտպանության համակարգում կներդրվի այնպիսի մոտեցում, որը ենթադրում է համալիր և բազմակողմանի արձագանք խնդրահարույց իրավիճակներին՝ կանխարգելելով և հաղթահարելով մարդկանց իրավիճակի խոցելիությունը։
 «Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների հետ միասին փորձելու ենք գտնել իրենց կյանքը փոխելու կամք ունեցող մարդկանց, որոնք պատրաստ են սեփական աշխատանքով հոգալու իրենց ընտանիքի հոգսերը»,-Միրա Անտոնյան․Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ։
Ծրագրի շրջանակում վերջին մեկ ամսվա ընթացքում թիրախային մարզերում կազմակերպվեցին  իրազեկման հանդիպումներ մարզերի պատկան մարմինների,  Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ։ Նշված հանդիպումների ընթացքում ներկայացվեցին ծրագրի նպատակը, խնդիրները, նախատեսվող միջոցառումները,շահառուների ներգրավման մեխանիզմները։
Հուլիսի 15-ին կայացավ մարզային տեղեկատվական վերջին հանդիպումը․․․․․․․․․․․  
Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամը (JSDF) ստեղծվել է Ճապոնիայի կառավարության և Համաշխարհային բանկի կողմից որպես համապատասխան երկրներում առավել աղքատ և խոցելի խմբերին ուղղակի օգնություն տրամադրելու մեխանիզմ: Նպատակն է ընդլայնել նրանց կարողությունները, ուժեղացնել լիազորություններն ու մասնակցությունը հասարակության և տնտեսական կյանքում:

1183