Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Կառավարության «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրով Արագածոտնի Սասունիկ բնակավայրում նոր դպրոց է կառուցվել, որի գործարկումը նախատեսվում է օրեր անց՝ նոր ուսումնական տարում։ Այս մասին հայտնել է Արագածոտնի մարզպետի աշխատակազմից:

Գիտելիքի օրվա նախաշեմին դպրոցի նոր շենքային պայմաններին և կահավորման ընթացքին ծանոթանալու նպատակով Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը այսօր շրջայց կատարեց դպրոցում։

Դպրոցի կառուցման համար Կառավարությունը հատկացրել է շուրջ 2,5 մլրդ դրամ, կահավորման համար ձեռք է բերվել լիովին նոր գույք։ 432 աշակերտի համար նախատեսված Սասունիկի նոր կրթօջախն ունի ժամանակակից ենթակառուցվածքներ՝ բացօթյա բազմաֆունկցիոնալ մարզադաշտեր, փակ մարզադահլիճ, ամֆիթատրոն, հանդիսությունների դահլիճ, հեծանվուղիներ և այլն։

Մարզպետը հորդորեց շինարարական վերջին աշխատանքներն ու կահավորումն իրականացնել մեծ տեմպով, որպեսզի սասունիկցի դպրոցականները կարողանան սեպտեմբերի 1-ը տոնել նոր դպրոցում։

Մարզպետի հետ զրույցում ուսուցչական կազմի ներկայացուցիչները երախտագիտական խոսքեր հղեցին՝ նշելով, որ նոր դպրոցը գյուղի համար երբեմնի ամենամեծ ու կարևոր նվերն է։

Մարզպետը հույս հայտնեց, որ կրթական արդիական պայմաններում աշակերտներն առավել մոտիվացված կսովորեն և դպրոցը մեծ հաջողություններ կարձանագրի։

91