SHAMSHYAN.com-ի տեղեկություներով, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Պարույր Նալբանդյանի որոշմամբ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:  

Հարուցված գործի շրջանակում պարզվել է երեկ՝ հուլիսի 24-ին, Շիրակի մարզի «Ջարդիձոր» կոչվող տարածքում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդի և վիրավորների ինքնությունը:   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Nissan Pathfinder-ը վարել է Երևանի բնակիչ, 32-ամյա Վարդան Խալիկյանը:

  Վթարի հետևանքով Վ. Խալիկյանը, ուղևորներ, Հունաստանի քաղաքացիներ, 10-ամյա Ալեքս Իռակլիդան, 12-ամյա Խրիստինա Իռակլիդան, և ավտոմեքենայում գտնվող Էդգար Քոչինյանը, ում ինքնության, բնակության և տարիքի տվյալները պարզվում են, մահացել են, իսկ Երևանի բնակիչներ, 33-ամյա Լուսինե Խալիկյանը, 39-ամյա Արփինե Գյուրջինյանը և 32-ամյա Գառնիկ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:  

Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացած երեխաները քույր ու եղբայր էին, վարորդի կնոջ քրոջ երեխաներն էին, մյուս մահացածն էլ նրա սանիկն էր, վարորդն էլ աշխատում էր ՀՀ Ազգային Անվտանգության ծառայությունում և արցախյան վերջին 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է ամենաթեժ կետերում ու իր զինակից ընկերների հետ փայլուն է կատարել իր առջև դրած առաջադրանքները:  

Ժամը 18:40-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին, «Ջարդիձոր» կոչվող հատվածում, Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 5 հոգի՝ որոնցից 2-ը ծայրահեղ ծանր, 3-ը՝ միջին ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել էին Գյումրու հիվանդանոց:

  Օպերատիվորեն ժամանել էին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:  

Օպերատիվորեն ժամանել էին նաև ոստիկանության Շիրակի մարզային  վարչության պետ Արամ Ղազարյանը, ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ Արթուր Բդոյանը:  

Ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորությամբ:

  Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Աղասի Իսահակյանի, Ախուրյանի քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանվել Մգոյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Պարույր Նալբանդյանի, Միշա Բիշարյանի գլխավորությամբ:   Մահացածները հայտնաբերվել էին մեքենայից դուրս, որոնցից մեկը անչափահաս էր:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենան հաշվառված էր Երևան քաղաքի բնակիչ Վարդան Խալիկյանի անվամբ:

Հրշեջ-փրկարարները դիերը մոտեցրել էին օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին և սահմանազատել տարածքը: 

2496