Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 6-ին, դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Ստեփանավանի քաղաքապետարանի մոտ բախվել են Opel և Mercedes մակնիշի ավտոմեքենաները, ինչից հետո վարորդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել։ Մինչ ոստիկանների ժամանումը վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Սերժիկ Գրիգորյանը, ում բնակության վայրն ու ծննդյան տարեթիվը ճշտվում է, դանակով հարվածել է 24-ամյա Վահան Միրզոյանին։ Ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ է ստացել նաև ներկա գտնվողներից 22-ամյա Վահան Մեսրոպյանը։

Ստեփանավանի դատախազի հանձնարարականով՝ փաստի առթիվ նախաքննություն է սկսվել Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում։ Ոստիկանության Ստեփանավանի և քննչական բաժինների ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ կասկածյալ Ս․ Գրիգորյանին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Opel-ը, որը բախվել է կայանված Mercedes-ին։

2049