ՄԱԿ -ը Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել երկու երկրների սահմանին շարունակվող բախումների ֆոնին:

Այս մասին ուրբաթ օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը:

«Մենք շարունակում ենք կողմերին կոչ անել զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ լարվածությունը մեծացնող գործողություններից և երկխոսության միջոցով լուծել առաջացող խնդիրները», – ասել է նա:

Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել են, որ այսօր ժամը 12:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը։

Հայկական կողմն իրականացրել է հակազդման և հակառակորդի կրակը լռեցնելու գործողություններ։

Ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, այսօր կեսօրին ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքից հետո կայունացել է, հակառակորդի կրակահերթերից միջդիրքային տարածքում բռնկված հրդեհը մարել է։

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Հայկական կողմից տուժածներ չկան։

1086