AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի Ֆրանսերեն լեզվի ու գրականության բաժնի շրջանավարտ (բակալավր) Հեննի Աղավելյանն է:

Հեննի, ինչպե՞ս որոշեցիք լեզվաբան դառնալ ու նախապատվությունը ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի Ֆրանսերեն լեզվի ու գրականության բաժնին տվեցիք:

Ֆրանսերեն սկսել եմ ուսումնասիրել դեռ դպրոցական տարիներից: Սովորել եմ Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոցում, որտեղ օտար լեզուն ֆրանսերենն էր: Այնուհետև ուսումս շարունակել եմ Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցին կից հայ-ֆրանսիական լիցեյում: Դե քանի որ ֆրանսերեն՝ հետևաբար ԵՊՀ-ի ֆրանսերեն լեզու և գրականություն բաժին:

Քանի՞ տարի է հարկավոր ֆրանսերեն լեզուն հավուր պատշաճի յուրացնելու համար:

Ինչպես բոլոր լեզուները, այնպես էլ ֆրանսերենը միշտ հարկավոր է սովորել և զարգացնել: Կարծում եմ՝ չկա այնպիսի շեմ, որը հատելով կարող ենք ասել, որ գերազանց տիրապետում ենք լեզվին: Պետք է միշտ զարգանալ:

Ֆրանսիական գրականության Ձեր սիրելի հեղինակներին ու նրանց գործերը կթվարկե՞ք:

Շատ սիրոմ եմ Ալբերտ Կամյուի «Օտարը» վեպը, ինչպես նաև Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»: Այս գրքերը ամեն տարիքում կարդալիս ընկալում ես յուրովի:

Ի՞նչ առարկաներ եք ուսումնասիրել ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում:

Ֆակուլտետում ուսումնասիրել եմ տարբեր առարկաներ՝ փիլիսոփայություն, քաղաքագիտություն, արտասահմանյան գրականություն, լեզվաբանություն…

Ի՞նչ առաջնահերթ խորհուրդներ կտաք ֆրանսերեն լեզուն յուրացնել ցանկացողներին (սկսնակներին):

Սիրել լեզուն և խորանալ լեզվի մեջ՝ այն քոնը դարձնելով:

Ձեզ նաև արտասահմանում սովորելու հնարավորություն է ընձեռվել: Մի փոքր կխոսե՞ք Ձեր կյանքի այդ շրջափուլի մասին:

ERASMUS + ծրագրով ստացել էի հնարավորություն մեկնելու Մոնպելյե և այնտեղ ուսանելու, սակայն համավարակը խանգարեց:

Ինչ առաջնահերթ խորհուրդներ կտաք Մայր բուհի ապագա ուսանողներին։

Սիրել համալսարանը, վայելել ուսանողական կյանքի ամեն մի րոպեն:

Ո՞ր ուղղությամբ եք ծրագրում ստանալ Ձեր մագիստրոսական կրթությունը և որտեղ:

Դեռևս փնտրտուքների մեջ եմ, միգուցե վերադառնամ նորից ԵՊՀ:

ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի շրջանավարտները ո՞ր ոլորտներում կարող են աշխատել:

Եթե լեզվի մասնագետ ես և լավ ես տիրապետում լեզվին, ապա գրեթե բոլոր ոլորտներում էլ կա աշխատելու հնարավորություն:

ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում ո՞րն է եղել Ձեր երկրորդ մասնագիտական լեզուն:

Որպես երկրորդ մասնագիտական լեզու ուսումնասիրել եմ անգլերենը:

Օլյա Շահինյան

4149