«Մենք ֆիզիկայի եւ քիմիայի մասնագետներ շատ քիչ ունենք, նույնիսկ եթե չգնանք հեռավոր գյուղեր կամ մարզեր, նույն Երեւան քաղաքում տեւական ժամանակ առկա է մասնագետ գտնելու խնդիրը»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Երևանի պետական համալսարանի ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի վարիչ Արմեն Սարգսյանը` խոսելով բնագիտական ոլորտի այսօրեական խնդիրների եւ այդ ուղղվածությունն ունեցող ֆակուլտետների պահանջարկի բացակայության մասին:

Վերջինս բնագիտական առարկաների պահանջարկի նվազումը պայմանավորեց աշխատաշուկայի ներկա պահանջարկով եւ առկա հնարավորություններով.

«Շրջանավարտն ընտրում է այնպիսի մասնագիտություն, որն իրեն կապահովի աշխատանքով: Բնագիտական առարկաների ֆակուլտետների մասով, այսօր աշխատաշուկան այնպես չէ, որ նման մասնագետների պահանջարկ չունի: Օրինակ՝ տարվա կտրվածքով հնարավոր է ֆիզիկայի կամ քիմիայի 1 կամ 2 մասնագետի կարիք լինի, բայց մենք տասնյակով շրջանավարտներ ենք ունենում»:

Մասնագետի խոսքով, հիմա ուսանողները՝ սկսած 3-րդ, 4-րդ կուրսից, հիմնական աշխատանք են ունենում եւ կարողանում են մի շարք սոցիալական խնդիրներ լուծել` վճարել ուսման վարձը, սեփական առօրյա հոգսերը հոգալ, ինչը չեն կարող անել ցածր վարձատրվող մասնագիտությամբ համապատասխան ոլորտում աշխատելով.

«Այսօր դպրոցներում եթե մենք քիմիայի կամ ֆիզիկայի  ուսուցիչներ չունենք, դա նաեւ նրանից է, որ երիտասարդն ավարտում է այդ մասնագիտությամբ, եւ որքան էլ ունի ուսուցչի որակավորում, չի ցանկանում աշխատել դպրոցում, որովհետեւ իր ստացած աշխատավարձով չի կարող ապրել, քանի որ այսօր բավականին թանկ է ապրուստը»:

Սարգսյանի խոսքով՝ արդեն  3-4 տարի է  35-40 ուսանող է ընդունվել քիմիայի ֆակուլտետ, դիմորդների թվի աճ չկա:

ԵՊՀ մասնագետը նշեց, որ այսօր երիտասարդները որքան էլ ունենում են ֆիզիկայի կամ նման հարակից ոլորտի խորացված գիտելիքներ, միեւնույն է, անում են ամեն ինչ, որպեսզի նպատակաուղղված իրենց տեղը գտնեն IT ոլորտում.

«Հիմնականում այսօր լավ վարձատրվում է IT ոլորտի մասնագետը: Կարող ենք ասել՝ անկախ այն բանից՝ մասնագետը քիմիկ է, ռադիոֆիզիկ, թե մաթեմատիկ, եթե գիտի, որ IT ոլորտում լավ են վարձատրում, ինքը սկսում է խորանալ այդ ուղղությամբ, եւ եթե արտերկրում բարձր վարձատրվող աշխատանք է` կգնա, չի մնա աշխատելու իր մասնագիտությամբ ցածր աշխատավարձով»:

Հարցին, թե կա, արդյոք, մտավախություն, որ Հայաստան ժամանած ռուսաստանցի  IT մասնագետները կարող են ասպարեզից դուրս մղել հայ մասնագետներին, Արմեն Սարգսյանը պատասխանեց, որ այդ գործընթացին յուրաքանչյուրը մոտենում է յուրովի.

«Եթե գործատուն ուզում է, որ ինքը լավ մասնագետ ունենա իր թիմում, բայց չի կարողանում Հայաստանում գտնել այդ փորձառու աշխատակցին, Ռուսաստանից եկածն էլ, ենթադրենք, 20 տարվա աշխատող է եւ հիմա հայտնվել է Հայաստանում, միգուցե գործատուին այս պահին ձեռնտու է, որ վերցնի այդ աշխատողին եւ ոչ թե նոր շրջանավարտին, որը փորձ չունի: Այս հատվածը շատ նուրբ է»,- եզրափակեց մասնագետը:



Աննա Չիբուխչյան

 

960