araratnews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի շրջանավարտ (բակալավր) Սյուզաննա Գաբրիելյանն է:


 

Սյուզաննա, ինչպե՞ս ընտրեցիք տնտեսագետի մասնագիտությունը: Մաթեմատիկայի լավ իմացությունը տնտեսագետի համար առաջնահե՞րթ պայման է:

Մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշվելը ամենևին հեշտ չէ: Դժվար է պատկերացնել՝ ինչ մասնագետ կլինես ապագայում: Սկզբում ես նույնպես դժվարացել եմ ընտրության հարցում:

Ի վերջո, ոււսումնասիրելով ոլորտի տարաբնույթ ճյուղերը, մասնագիտացումներն ու աշխատանքային բնագավառը՝ որոշեցի ընտրել հենց այս մասնագիտությունը: Եվ կարող եմ ասել, որ տնտեսագիտությունն այսօր համարվում է պահանջված և արդիական մասնագիտություններից մեկը:

Ինչ վերաբերում է մաթեմատիկայի լավ իմացությանը, կարծում եմ՝ այն անհրաժեշտ է ոչ միայն համալսարան ընդունվելու և սկզբնական փուլը հաղթահարելու համար, այլև նշանակալի դեր ունի մրցունակ տնտեսագետ դառնալու ճանապարհին:

Ի՞նչ  դեր է ունեցել ՀՊՏՀ-ում ստացած կրթությունը Ձեր կյանքում:

Իմ կրթությունն ինձ հնարավորություն է տվել հեշտ ադապտացվել նոր միջավայրին, թիմում աշխատել և որ ամենակարևորն է՝ լավ ճանաչել մարդկանց: Առհասարակ,  ամեն ինչից առավել ՀՊՏՀ-ում ուսանելու տարիներին մեծ ձեռքբերում եմ համարում լավ մարդկանց հանդիպելը: Այս տարիներին իմ կյանքում ավելացան լավ մարդկանց անուններ թե՛ ընկերներից, թե՛ դասախոսական անձնակազմից: Մեր ֆակուլտետում դասավանդում են ոլորտի լավագույն մասնագետները, որոնք, մասնագիտական գիտելիքներից զատ, տվել են մեզ ավելին: Իսկ դա ավելի է պարտավորեցնում և մոտիվացնում անել առավելագույնը: Շնորհակալ եմ մեր լավագույն դասախոսներին իմ կրթական ճանապարհին իրենց ունեցած ներդրման համար:

ՀՊՏՀ-ում անվճար հիմունքներով սովորելը հե՞շտ է:

Կարծում եմ, որ ցանկության և պատրաստակամության դեպքում ցանկացած ուսանող կարող է հաղթահարել իր առջև դրված յուրաքանչյուր առաջադրանք:

Որտե՞ղ եք անցնել Ձեր պրակտիկան:

ՀՊՏՀ-ի կողմից կազմակերպված ուսումնաարտադրական պրակտիկան հնարավորություն եմ ունեցել անցկացնել ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի Մարքեթինգի և խթանման վարչությունում: Պրակտիկան անցկացնելով ոլորտի ամենապատասխանատու կառույցում՝ ավելի ամբողջականորեն եմ ծանոթացել զբոսաշրջության ոլորտի խնդիրներին և զարգացմանն ուղղված գործընթացների կազմակերպմանը:

Մարքեթինգը մեր երկրում զարգացա՞ծ ոլորտ է: Որտե՞ղ կարող է աշխատել ապագա մարքեթոլոգը:

Ներկայումս մարքեթինգը բավականին զարգացած և արդիական ոլորտ է: Այն, ըստ իս, բազմակողմանի է, ստեղծագործական: Ապագա մարքեթոլոգը բավականին մեծ պահանջարկ ունի աշխատաշուկայում և ստացած գիտելիքները հնարավորություն ունի կիրառել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մարքեթինգային գործունեություն և մարքեթինգային հաղորդակցություններ իրականացնող ընկերությունները, մասնավոր, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները:

Կասե՞ք, թե հիմնականում ինչ առարկաներ են ուսումնասիրում ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում:

Ուսումնասիրել ենք բավականին հետաքրքիր մասնագիտական առարկաներ, ինչպիսիք են՝ մարքեթինգի կառավարում, սպառողի վարքագիծ, մարքեթինգի հոգեբանություն, մարքեթինգային էթիկա, ապրանքի և բրենդի կառավարում, փոխհարաբերությունների մարքեթինգ, միջազգային մարքեթինգ, նորամուծությունների մարքեթինգ, մարքեթինգային հաղորդակցություն:

Մասնագիտական գրականությունը հիմնականում ո՞ր լեզուներով է ՀՊՏՀ ուսանողին հասանելի:

Ուսումնառության ընթացքում մասնագիտական գրականությունը հիմնականում հայալեզու է եղել, թեև զուգահեռ օգտվել ենք նաև օտարալեզու գրականությունից:

Ինչպիսի՞ն է ՀՊՏՀ-ում ուսանողական կյանքը: Մի փոքր կխոսե՞ք այդ մասին:

Կարող եմ ասել, որ ինչպես բոլորի, այնպես էլ ինձ համար առանձնահատուկ տեղ է գրավում ուսանողական կյանքը, երբ ձեռք ենք բերում բարձրագույն կրթություն, մասնագիտություն, նոր ծանոթություններ, ընկերներ, շփվում ենք հետաքրքիր մարդկանց հետ, կատարում ենք ինքնուրույն քայլեր:

ՀՊՏՀ-ում ներհամալսարանական կյանքը բավականին հագեցած է: Պարբերաբար կազմակերպվում են կրթական, ինֆորմացիոն, ինչպես նաև մշակութային, ժամանցային բնույթի բազմաթիվ միջոցառումներ:

Ի՞նչ առաջնահերթ խորհուրդներ կտաք այն անձանց, որոնք ուզում են իրենց բարձրագույն կրթությունը  ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում ստանալ:

Խորհուրդ կտամ արժևորել ժամանակը, քաղել առավելագույնը ու պատրաստ լինել յուրաքանչյուր խոչընդոտի:

Ո՞ր ուղղությամբ եք ցանկանում ստանալ Ձեր մագիստրոսական կրթությունը:

Մագիստրոսական կրթությունս պատրաստվում եմ շարունակել գործարար վարչարարություն (կառավարում) մասնագիտությամբ:

 

Օլյա Շահինյան

1103