AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

Հայագիտական ուսումնասիրությունները մեր պետության համար մեծ կարևորություն պետք է ունենան, որովհետև դրանք նաև քաղաքական մեծ նշանակություն ունեն, աշխարհը մեզ գնահատել և գնահատելու է միայն ու միայն մեր մշակութային հզոր ժառանգության շնորհիվ:

AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզու և գրականության բաժնի շրջանավարտ (բակալավր), ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի «Ժամանակակից հայոց լեզու և թարգմանչական գործ» մագիստորսական ծրագրի մագիստրոս, ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի Կրթության կազմակերպում մագիստրոսական կրթական ծրագրի 2-րդ կուրսի մագիստրանտ, ԵՊՀ ասպիրանտ (Հայոց լեզու ուղղ.) Վալտեր Բերբերյանն է:

Վալտեր, ինչպե՞ս որոշեցիք Մայր բուհում հենց Հայոց լեզու և հայ գրականություն ուսումնասիրել:

Դպրոցում, հավասարապես, տիրապետել եմ բոլոր առարկաներին, բայց առավելապես սիրել եմ հումանիտար ուղղվածության առարկաները: Հաղթող եմ ճանաչվել և՛ գրականության, և՛ հայոց լեզվի օլիմպիադաներում: Այսպիսով, հումանիտար գիտությունների, մասնավորաբար, հայագիտության նկատմամբ ընդգծված հետաքրքություն մշտապես եմ ունեցել: Հայագիտությունն ինձ համար գերակա է: Հայագիտական ուսումնասիրությունները մեր պետության համար մեծ կարևորություն պետք է ունենան, որովհետև դրանք նաև քաղաքական մեծ նշանակություն ունեն, աշխարհը մեզ գնահատել և գնահատելու է միայն ու միայն մեր մշակութային հզոր ժառանգության շնորհիվ: Ունենալով այս հստակ ձևակերպումը՝ ընտրեցի հենց բանասիրությունը: Այս ֆակուլտետը համալսարանի հիմնադիր ֆակուլտետներից է, և նրա հիման վրա են կազմակերպվել գործող Արևելագիտության, Ռուս բանասիրության, Եվրոպական լեզուների և հաղորդակցության, Ժուռնալիստիկայի ֆակուլտետները: Բանասեր լինելն ինձ համար, իսկապես, առաքելություն է:

Ժամանակակից հայոց լեզու և թարգմանչական գործ մագիստրոսական ծրագրի շրջանակներում ի՞նչ առարակներ եք ուսումնասիրել:

«Ժամանակակից հայոց լեզու և թարգմանչական գործ» մագիստրոսական ծրագիրն իրականացնում է Հայոց լեզվի ամբիոնը, որը համալսարանի ամենամեծ ամբիոնն է: Ամբիոնը էական դեր է խաղացել ու խաղում հայերենագիտության ուսուցման, ուսումնասիրման, զարգացման գործում: Ուրախ եմ, որ այս ամբիոնի ներկա ասպիրանտ եմ: Մագիստրոսական ծրագրի շրջանակներում ուսումնասիրել եմ արդի հայերենի և թարգմանության հիմնախնդիրներ, հայոց լեզվի տեսություն, թարգմանության տեսություն, ընթերցման և արդի քննադատության տեսություն, միջմշակութային հաղորդակցում, գեղարվեստական և գիտական թարգմանության առանձնահատկություններ, հրապարակային խոսք և այլ առարկաներ: Ուզում եմ հավելել, որ այս մագիստրոսական ծրագիրը նոր է, և առարկայացանկը անընդմեջ թարմացվում է՝ համապատասխանեցնելով գիտական արդիական չափանիշներին:

Ինչպե՞ս որոշեցիք դիմել ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի Կրթության կազմակերպման մագիստրատուրա:

Երբ ավարտեցի բակալավրը, հստակ որոշել էի, որ պիտի երկու մագիստրոսական կրթական ծրագիր իրականացնեմ: Ի դեպ, ամբողջ աշխարհում սա շատ տարածված է. ուսանողը կարող է երկու մագիստրոսական կրթական ծրագիր իրականացնել համաժամանակ ցանկացած բուհում: Մտահոգվելով կրթական խնդիրներով, հարցերով, մնացյալ բնագավառների զարգացումը (տնտեսության զարգացում, մշակույթի պահպանում, միջազգայնացում և այլն) պայմանավորելով հենց կրթությամբ՝ որոշեցի բանասիրությանը զուգընթաց ևս մեկ մագիստրոսական կրթական ծրագիր իրականացնել, այն է՝ «Կրթության կազմակերպում»: Պիտի նշեմ, որ սա առաջին մագիստրոսական կրթական ծրագիրն է ողջ Հայաստանում, որի առարկայացանկը կազմված է միջազգային կրթական առաջավոր փորձի հիման վրա: Կարդացվող դասընթացներից կառանձնացնեմ, հատկապես, կրթության որակի ապահովում-վերահսկողություն, կրթական քաղաքականություն-ռազմավարություն, մարդկային ռեսուրսների կառավարում, կառավարման հոգեբանություն, կրթության փիլիսոփայություն, կրթության ֆինանսավորում, կրթական հետազոտությունների գնահատում, նախագծերի կառավարում, դասական-ժամանակակից գնահատման-թեստավորման տեսություններ առարկաները: Այս ամենով պայմանավորված՝ ընտրեցի հենց «Կրթության կազմակերպումը»:

Եթե չլինեին Ձեր մասնագիտությունները, այլ ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:

Կընտրեի հոգեբանի մասնագիտությունը, որը լայնորեն զարգացած բնագավառ է: Այն ինձ համար միջին դիրք է գրավում հումանիտար, հասարակագիտական և բնական, տեխնիկական գիտությունների միջև: Այսօր մեր հասարակության մեծ մասը (եթե ոչ բոլորը) անխտիր ունեն հոգեբանի կարիք:

Բակալավրում ուսանելու ընթացքում ի՞նչ առարկաներ եք ուսումնասիրել:

Ուսումնասիրել եմ ժամանակակից հայոց լեզվի հնչյունաբանություն, բառագիտություն, ձևաբանություն, շարահյուսություն, ոճագիտություն, գրաբար, միջին հայերեն, արևմտահայերեն, բարբառագիտության հիմունքներ, լեզվաբանության հիմունքներ, հայերենի տիպաբանական զարգացում, լեզվանշանագիտություն, հայոց տեղանվանագիտություն, հայոց լեզվի, գրականության դասավանդման մեթոդիկա, գրականագիտության ներածություն, գրականության տեսություն, հայ գրականության պատմություն, արտասահմանյան գրականության պատմություն, ռուս գրականության պատմություն, գրաքննադատության պատմություն և այլ առարկաներ:

Բանասերն, առհասարակ, ո՞ր ոլորտներում կարող է ծավալել իր մասնագիտական գործունեությունը:

Մերօրյա բանասերն ունի լայն հնարավորություններ: Նա կարող է աշխատել ուսուցիչ, դասախոս, խմբագիր, թարգմանիչ, լրագրող, հաղորդավար, մանկավարժ, գրող, սցենարիստ… Շատ են նաև բանասեր քաղաքական գործիչները, հետևապես այս բնագավառում ևս կարող է գործունեություն ծավալել: Իրականում ցանկացած մարդ կարող է ցանկացած գործունեություն ծավալել, եթե կա իսկական ցանկություն:

Մի փոքր կխոսե՞ք մագիստրոսական թեզի ընթացքից: Ո՞ր թեմայի շուրջ եք գրել Ձեր մագիստրոսական թեզը:

Հեղինակել եմ երկու մագիստրոսական թեզ: Նախ՝ բանասիրությունից՝ «Հայ ոճագիտական միտքը» թեմայով: Հետազոտության նպատակն է եղել ուսումնասիրել հայոց լեզվի ոճական համակարգի մասին գրված աշխատանքները, ներկայացնել ոճագիտական մտքի ձևավորումն ու զարգացումը: Եթե լեզվաբանության բաժինների (հնչյունաբանություն, բառագիտություն, ձևաբանություն, շարահյուսություն) վերաբերյալ հարուստ քննական նյութ կա, ապա ոճագիտության՝ իբրև լեզվաբանական առանձին բաժնի վերաբերյալ հետազոտությունները առավել սահմանափակ են. ոճագիտությունը համապարփակ բնութագրման դեռևս չի ենթարկվել, և առայսօր մենք չունենք հայ ոճաբանական ըմբռնումների պատմությանը վերաբերող բովանդակ ուսումնասիրություն: Հաշվի առնելով այս բացը՝ աշխատեցի հենց այդ թեմայով հեղինակել թեզ, որը հետագայում գուցե էլ ավելի ընդարձակեմ և իբրև թեկնածուական աշխատանք ներկայացնեմ: Մյուսը՝ «Ինովացիոն գործընթացները բարձրագույն կրթության կառավարման համակարգում»: Այս հետազոտության նպատակն եղել է ուսումնասիրել բարձրագույն կրթության կառավարման առանձնահատկությունները, ինովացիոն գործընթացները։ Կարծում եմ, որ 21-րդ դարը նոր պահանջներ է դնում կառավարման բոլոր բնագավառների, դրանց ճյուղերի առջև, մասնավորաբար, բարձրագույն կրթության կառավարման համակարգի առաջ։ Բարձրագույն կրթության ոլորտում ինովացիաների կիրարկման հարցերը, խնդիրները կարևոր են՝ բուհը ցանկալի արդյունքի բարձրացնելու, հասցնելու նկատառումով: Սա առաջնորդությանը առնչվող հատուկ խնդիր է, ուստի ընտրեցի այդ թեման:

Ընթերցողն այսօր մեր ժամանակակից գրողներից ու՞մ գործերը պետք է պարտադիր կարդա:

Չեմ կարծում, որ կա որևէ ժամանակակից գրող, ում գործը կամ գործերը խիստ պարտադիր պետք է լինեն: Որպես պարտադիր ընթերցանության նյութ կնշեմ մեր դասականների գործերը, որոնք լի են արժեքներով: Այսօր, ցավոք, ոչ մի բնագավառում չեն ստեղծվում մնայուն գործեր: Իսկ ժամանակակից գրողներից կառաջարկեմ ընթերցել Հակոբ Սողոմոնյան, Սմբատ Բունիաթյան, Արմենուհի Սիսյան, որոնք, իմ կարծիքով, ժամանակակից գրողների աստղաբույլում չեն գնահատվում ըստ արժանվույն:

Եթե Ձեզ նման հնարավորություն ընձեռվեր, ի՞նչ փոփոխություններ կկատարեիք կրթական համակարգում:

Իրականում ինձ նման հնարավորություն արդեն տրվել է: Իբրև փորձնակ մի քանի ամիս աշխատել եմ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում: Այդ ժամանակ հանձնաժողովը նախագահում էր Մխիթար Հայրապետյանը: Հանձնաժողովի նիստերի ժամանակ ներկայացրել եմ բազմաթիվ առաջարկություններ, կարծիքներ, եզրակացություններ, ուսումնասիրություններ, որոնցից շատերը որոշում կայացնելիս այս կամ այն չափով հաշվի են առնվել: Իսկ եթե ես լինեի ամենաբարձր օղակում, ապա նախևառաջ, սկսած նախարարությունից, դաշտում կթողնեի միայն այն մարդկանց, որոնք ունեն համապատասխան կրթության աստիճան: Ամբողջ աշխարհում կա education sciences (կրթական գիտություններ) ասվածը, կրթության աստիճանի որակավորում (1998 թվականից մեր երկրում գործում է), բայց, չգիտես ինչու, մեր հասարակությունն անտեղյակ է: Ակնհայտ ճշմարտություն է, որ հիվանդանոցներում աշխատում են բժիշկներ, բանկերում՝ տնտեսագետներ… և տարօրինակ կլինի, չէ՞, որ օրինակ՝ գյուղինստիտուտը կամ պոլիտեխնիկը ավարտած անձը աշխատի որպես թերապևտ կամ վիրաբույժ, իսկ ինչո՞ւ է կրթության բնագավառում նա աշխատում: Ինչո՞ւ մեր երկրում կրթության օղակում չի գործում համաբանության սկզբունքը: Այս բնագավառում ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են այսօր աշխատում և թելադրում կրթական քաղաքականություն: Վստահ եմ, որ եթե ոլորտը զինվի համապատասխան մասնագետներով կունենաք առաջընթաց:

Մայր բուհի ապագա ուսանողներին ի՞նչ առաջնահերթ խորհուրդներ կտաք:

Մասնագիտական ընտրությունն անչափ կարևոր է, բայց եթե դու զգում ես, որ սխալ ընտրություն ես կատարել, պետք չէ հուսալքվել: Ես կարծում եմ, որ մարդն իր ողջ կյանքի ընթացքում սովորում է ու զարգանում: Ես ամեն տարի՝ ծննդյան օրս, համագումարի եմ բերում ոչ թե այն, որ մեկ տարով էլ մեծացա, այլ թե ինչքան նոր գիտելիք եմ ձեռք բերել: Հետևապես, ապագա ուսանողներին խորհուրդ կտամ չվախենալ մասնագիտական փոփոխությունից (առհասարակ փոփոխություններից), եթե որևէ պահի դրա անհրաժեշտությունը կունենան: Ապագա ուսանողներին խորհուրդ կտամ նաև չմնալ իրենց մասնագիտությունների սահմաններում և ունենալ հետաքրքրությունների լայն շրջանակ, քանի որ այսօր ամեն ինչ շատ արագ է զարգանում, ուստի միշտ պետք է լինել իրազեկ և բանիմաց:

 

Օլյա Շահինյան

 

80309