ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած՝ «Արցախի հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողով» ստեղծելու հարցը։

«Որոշ հարցեր, որոնք պետք է քննարկենք մեր արցախյան գործընկերների հետ, դուք տեղափոխում եք մի դաշտ, որտեղ մենք ինքներս պետք է քննարկենք և որոշում կայացնենք: Ընդ որում՝ ԱՀ ԱԺ-ի և նրա պատգամավորների ներկայությունը, մասնակցությունը այս ձևաչափում չի երաշխավորում, մինչդեռ միջխորհրդարանական հանդիպումների ձևաչափում այն պարիտետային հիմքերով երաշխավորված է:

Բացի դրանից՝ մեր բոլոր հանձնաժողովները ԱԺ-ում, ես խոսում եմ 1991 թվականից ի վեր, բացարձակապես դիտարկվել են որպես հանձնաժողովներ, որոնք զբաղվում են նաև Արցախի հարցով:

Իմ մոտ տպավորություն է, որ ձեր գաղափարը եղել է հետևյալը՝ բերենք մի նախագիծ, որը հաստատ մերժելու է խորհրդարանական մեծամասնությունը, ու մենք դառնալու ենք լավամարդ, խորհրդարանական մեծամասնությունը թող դառնա վատամարդ: Սա, իմ կարծիքով, լավագույն լուծումը չէ: Կոչ եմ անում իմ գործընկերներին՝ ոչ թե մերժել այս նախագիծը, որովհետև սա շատ վատ մեսիջ կլինի նաև մեր արցախյան գործընկերներին, այլ պարզապես ձեռնպահ մնալ նախագծի ընդունումից»,- ասաց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ 4 կողմ, 0 դեմ, 7 ձեռնպահ:

 Նախագիծը չընդունվեց:

1lurer.am

133