ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ՀՀ անկախության 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը:
«Թույլ տվեք արտահայտել իմ գոհունակությունը բարեկամության առթիվ, որը նշանավորում է մեր երկու ժողովուրդների միջև եղած հարաբերությունները: Իմ համոզմամբ՝ խորհրդարանների միջև փոխադարձ բաց համագործակցությունը և փորձի փոխանակումը կշարունակի զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր երկրների»,- նշված է Միլոշ Վիստրչիլի շնորհավորական ուղերձում:
Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահ Տալանտ Մամիտովը շնորհավորական նամակում համոզմունք է հայտնել, որ բարեկամական հարաբերությունները և երկկողմ համագործակցությունը մեր երկրների ու խորհրդարանների միջև այսուհետ ևս կշարունակեն անշեղորեն զարգանալ ու ամրապնդվել:
«Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարգավաճում և հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»,- ասված է Ղրղզստանի խորհրդարանի նախագահի շնորհավորական ուղերձում:
ՀՀ խորհրդարանի ղեկավարին շնորհավորել են նաև Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը, Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետելդի Այազովը: