«Վեոլիա ջուր»-ը ջրի սակագինը շուրջ 43 դրամով բարձրացնելու, այսինքն մոտ 223 դրամ դարձնելու հայտ է ներկայացրել, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, սակայն, առաջարկում է սոցիալապես անապահով սպառողների համար բարձրացում չանել, իսկ մնացած սպառողների համար սահմանել մոտ 200 դրամ կայուն գին՝ 10 տարվա համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Քննարկում ենք երկարաժամկետ գնային քաղաքականություն ունենալու հնարավորություն, այսինքն՝ վարձակալության պայմանագրում այնպիսի փոփոխություններ անենք, որ վարձակալության մնացած ողջ 10 տարվա ընթացքում  ունենանք կայուն գնային քաղաքականություն: Դա ենթադրում է սակագնի որոշակի բարձրացում, որը սակայն կմնա կայուն 10 տարիների ընթացքում»,-ասաց Բաղրամյանն ու հավելեց, որ փոքր տատանումներ, սակայն, կարող են լինել:

2016-ից 15 տարով կնքված վարձակալության պայմանագրում դրված բազիսային գները ենթակա են ճշգրտման՝ որոշակի բանաձևերով, հիմնական գործոններն են սղաճը, էլեկտրաէներգիայի գնի փոփոխությունը և ջրի ծավալի փոփոխությունը:

«Հաշվի առնելով այսօրվա սղաճի տեմպերը, ջրի ծավալների աճը կանխատեսելով՝ մենք 10 տարվա համար այնպիսի բազիսային գներ ենք պայմանավորվում, որ ունենանք որոշակի կայունություն»,-ասաց Բաղրամյանը:

«Վեոլիա ջուր»-ն իր հայտով այժմ առաջարկում է ներկայում գործող 180 դրամը սակագինը բոլորի համար բարձրացնել շուրջ 43 դրամով: Եթե հանձնաժողովը հայտը բավարարի, ապա բարձրացումը կլինի հունվարի 1-ից:

«Առաջարկվում ենք առանձնացնել սոցիալապես անապահով սպառողների խումբ, նրանց համար գինը չփոխել, պահել գործող գները, իսկ մնացած սպառողների համար բյուջեից վարձակալության վճարներով գնի զսպում չիրականացնել: Այսինքն՝ սոցիալապես անապահովների համար չբարձրացնել, իսկ մնացած սպառողների համար, եթե չեմ սխալվում, շուրջ 200 դրամի շրջակայքում՝ 10 տարվա կայուն գին սահմանել»,-ասաց Բաղրամյանը:

Այսպիսով, ըստ ՀԾԿՀ առաջարկի՝ջրի գինը սոցիալապես անապահովների համար կշարունակի մնալ 180 դրամ, իսկ մնացած սպառողների համար առաջարկվում է այլևս բյուջեից վարձակալության վճարի նվազեցումներ, սուբսիդիաներ չանել, այլ ընդամենը 10 տարվա համար կայուն գնային քաղաքականություն ունենալ: Դա նշանակում է, որ վարձակալության պայմանագրով նախատեսված հաջորդ և մյուս տարվա բարձրացումները նույնպես չեն լինի:

Իսկ ինչ վերաբերում է ընկերության աշխատանքի որակին՝ Բաղրամյան ասաց, որ վարձակալության պայմանագրում առկա են համապատասխան չափորոշիչներ, որոնց պետք է համապատասխանի «Վեոլիա»-ն, կան նաև հանձնաժողովի կողմից սահմանված չափանիշներ՝ ջրանջատումների տևողություն, նորոգումների համար: Այդ բոլոր չափանիշների խախտման դեպքում առանձին տեղի են ունենում վարույթներ և ընկերությունը պատասխանատվության է ենթարկվում:

218