Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում բյուջետային քննարկումների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն անդրադարձավ անձնագրերի վավերականության ժամկետի փոփոխությանը: 

«Մեր համաքաղաքացիներից շատերի մոտ, միգուցե նաև ամբողջական ինֆորմացիայի բացակայության պատճառով, որոշակի մտահոգություններ առաջացան: Պատճառներից մեկն այն էր, որ հիմնավորումները հստակ չէին նշվում, հղում էր արվում ուղղակի նախարարական կոմիտեի հանձնարարականին: Խնդրում եմ ներկայացրեք՝ ինչ է արվելու, ինչ նպատակով, ում վրա է տարածվելու, և ինչ այլընտրանքային տարբերակներ կան»,- դիմելով փոխոստիկանախետ Արա Ֆիդանյանին՝ հարցրեց պատգամավորը:

Փոխոստիկանապետը պարզաբանեց. «Խոսքը վերաբերում է բացառապես հին նմուշի, այն է՝ կառավարության  որոշմամբ նախատեսված 821 նմուշի անձնագրերին: Ի դեպ, սա ընդամենը նախագիծ է, որը դրվել է շրջանառության և հանրային քննարկման»:

Ֆիդանյանը, անդրադառնալով նպատակին, նշեց, որ ոստիկանության կողմից ակտիվ քայլեր են ձեռնարկվում 2022թ. ավարտին կամ 2023թ. սկզբին ներդնելու կենսաչափական տվյալներ պարունակող լիովին նոր համակարգ. «Ինչը հնարավորություն կընձեռի մեզ անցում կատարել կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի տրամադրմանը: Այսինքն՝ հին, 821 նմուշի անձնագրերը պետք է հետզհետե դուրս գան շրջանառությունից: Եվ եթե մենք 2022 թվականին դեռևս տրամադրենք 10 տարի վավերականության ժամկետով հին նմուշի անձնագիր, ստիպված ենք լինելու մինչև 2032 թվականը հանրապետությունում կիրառել և շրջանառել հին նմուշի անձնագրերը»:

Արա Ֆիդանյանը ընդգծեց, որ այս փոփոխությամբ ոչ մի միջազգային պայմանագիր չի խախտվում, որովհետև գոյություն ունի այլընտրանք. «Այսօր ևս շարունակում են տրամադրվել կենսաչափական անձնագրեր 10 տարի վավերականության ժամկետով: Խոսքը չի վերաբերելու այդ անձնագրերին, այլ բացառապես հին նմուշի անձնագրերին»:
 

1057