Երևանի Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը  կկայանա նոյեմբերի 15-20-ը: Այս տարի փառատոնը կհյուրընկալի 7 երկրից ժամանած ավելի քան 100 մասնակցի և հյուրի՝ նրանց թվում հեղինակավոր արվեստագետների, միջազգային փառատոների տնօրենների՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Իրանից, Թաթարստանից, Ուկրաինայից, ՌԴ-ից։  Երևանյան տարբեր բեմահարթակներում կցուցադրվի շուրջ 15 ներկայացում: Երևանի Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնի հեդլայներն են  «Թատրոն Կամրջի մոտ» («Театр у моста»)՝  «Մակբեթ» (ՌԴ, բեմադրիչ՝ Սերգեյ Ֆեդոտով) և Ռոդոփի դրամատիկական թատրոնի «12-րդ գիշեր» (Բուլղարիա) ներկայացումները, հայտնում է փառատոնի մամուլի ծառայությունը։

Փառատոնի շրջանակում կանցկացվի նաև հատուկ ծրագիր՝ «FestOFF» խորագրով, որը նախատեսված է ուսանողների և անկախ թատերախմբերի համար, որոնք  Հայաստանից և արտերկրից են:

Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, պարային, մոնո, մուլտիմեդիա ներկայացումներ:  Երևանյան թատրոններից փառատոնի ծրագրում հանդես կգա Երևանի Կամերային թատրոնը՝ «Համլետ» (բեմադրիչ՝ Արա Երնջակյան) ներկայացմամբ։

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 15-ին ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնում։ Հանդիսատեսի դատին կներկայացվի Կիևի ազգային ակադեմիական Երիտասարդական թատրոնի (Молодой театр) «Ամառային գիշերվա երազ» ներկայացումը (բեմադրիչ՝ Անդրեյ Բիլոուս)։

Փառատոնը կամփոփի Ալմետի թաթարական պետական դրամատիկական թատրոնի «Անսանձ կնոջ սանձահարումը» ներկայացումը (բեմադրիչ՝ Կարո Բալյան)։ Այն կներկայացվի նոյեմբերի 20-ին՝19։00-ին,  Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում։  

Փառատոնի օրերին կանցկացվեն վարպետաց դասեր, որոնք կվարեն ՌԴ վաստակավոր արտիստ,  Չեխիայի ազգային մրցանակի դափնեկիր, «Ոսկե դիմակ» փառատոնի դափնեկիր, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Սերգեյ Ֆեդոտովը (ՌԴ), «Կնեբել» թատրոնի և «MiSHiNLaB» թատերական լաբորատորիայի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Միշինը (ՌԴ), դերասանուհի Աուրելիե Իմբերտը (Ֆրանսիա) և Նովոռոսիյսկի քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավար, «Տեատրալնայա Գավան» փառատոնի ղեկավար Եվգենի Կուշպելը  (ՌԴ)։ 

Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը աշխարհահռչակ Եվրոպական Շեքսպիրյան փառատոների ցանցի անդամ է: 2016թ-ից փառատոնի տնօրենը Կարո Բալյանն է։ Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

Երևանի Շեքսպիրյան 15 -րդ միջազգային թատերական փառատոնի ծրագիրը․

Նոյեմբերի 15

15:30 - «Ամառային գիշերվա երազը» - Կիևի ազգային ակադեմիական Երիտասարդական թատրոն (Ուկրաինա) / Ուսանողական թատրոնի բեմում

18:00 – «Յագո, Էմիլիա՛» (Հայաստան) /ՀԹԳՄ բեմում - FestOFF

20:00 – «Փչեցե՛ք» (Հայաստան) /Ուսանողական թատրոնի բեմում - FestOFF

Նոյեմբերի 16

16:00 - «Անքնություն» – Բիդաար անկախ արվեստի խումբ (Իրան) /Ուսանողական թատրոնի բեմում - FestOFF

18:00 - Վարպետաց դաս - Կոնստանտին Միշին (ՌԴ) / Ուսանողական թատրոն

20:00 – Աուրելիե Իմբերտ «Տնային տնտեսուհու երազանքը» (Ֆրանսիա) / Փոքր թատրոնի բեմում

Նոյեմբերի 17

15:00 - «Օֆելոմանիա» - «Գրեյ Ռում» թատրոն (Իրան) /Ուսանողական թատրոնի բեմում

17:00 - Վարպետաց դաս – Աուրելի Իմբերտ (Ֆրանսիա) / ԵԹԿՊԻ

19:30 - «Համլետ» - Ռուսական Ազգային Թատրոն (Մոսկվա) /Ուսանողական թատրոնի բեմում

Նոյեմբերի 18

15:00 - «Խաղում ենք Շեքսպիր» - «Струна» թատրոն-ստուդիա (Նովոսիբիրսկ) /Ուսանողական թատրոնի բեմում - FestOFF

17:00 - «12-րդ գիշեր կամ ինչպես կամենանք» - Ռոդոփի դրամատիկական թատրոն (Բուլղարիա) /Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում

19:00 - «Մակբեթ» - «У Моста» թատրոն (Պերմ)/ Կ․ Ստանիսլավսկու անվ․ ռուսական դրամատիկական թատրոնի բեմում

Նոյեմբերի 19

15:00 – «Շեքսպիրյան Տրիոլոգիա» - Մարիամ Հարությունյան (Հայաստան) /ՀԳԹՄ Թատրոն/ - FestOFF

17:00 - Վարպետաց դաս – Սերգեյ Ֆեդոտով (ՌԴ) – Ուսանողական թատրոն

19:00 – «Համլետ» - Երևանի Կամերային Թատրոն (Հայաստան) / Երևանի Կամերային Թատրոն

Նոյեմբերի 20

15:00 - «Մինչև 10-ը» - «Foggy Art» (Հայաստան) /Ուսանողական թատրոնի բեմում - FestOFF

18:00 – «Անսանձ կնոջ սանձահարումը» - Ալմեթի պետական դրամատիկական թատրոն (Թաթարստան) /Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում

19:00 - Փառատոնի փակում - Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում։

422