Երեւանի Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը մեկնարկեց Կիեւի ազգային ակադեմիական երիտասարդական թատրոնի «Ամառային գիշերվա երազը» (բեմադրիչ՝ Անդրեյ Բիլոուս) ներկայացմամբ։Այս տարի փառատոնը կհյուրընկալի 7 երկրից ժամանած ավելի քան 100 մասնակցի և հյուրի՝ նրանց թվում հեղինակավոր արվեստագետների, միջազգային փառատոնների տնօրենների՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Իրանից, Թաթարստանից, Ուկրաինայից, ՌԴ-ից։ Երևանյան տարբեր բեմահարթակներում կցուցադրվի շուրջ 15 ներկայացում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի տնօրեն Կարո Բալյանը։

Նրա փոխանցմամբ՝ թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, պարային, մոնո, մուլտիմեդիա ներկայացումներ: Եվրոպական մի քանի թատրոններ համավարակի պատճառով չեն կարողացել մասնակցել փառատոնին:

Փառատոնի շրջանակում կանցկացվի նաև հատուկ ծրագիր`«FestOFF» խորագրով, որը նախատեսված է ուսանողների և անկախ թատերախմբերի համար, որոնք Հայաստանից և արտերկրից են:

«Շատ կարևոր ծրագիր է, որի ժյուրիի նախագահը դրամատուրգ Կարինե Խոդիկյանն է, ժյուրիի անդամներն են թատերագետներ Տիգրան Մարտիրոսյանը, Հասմիկ Սեյմորը, Գայանե Թադևոսյանը և դրամատուրգ Էլֆիկ Զոհրաբյանը։ Հաղթողին սպասվում է մրցանակ»,-հավելեց Բալյանը։

Չեխիայի ազգային մրցանակի դափնեկիր, «Ոսկե դիմակ» փառատոնի դափնեկիր, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, «У моста» թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆեդոտովը (ՌԴ) նշեց, որ իրենց թատերախումբը հասցրել է լինել տարածաշրջանում, սակայն առաջին անգամ է հյուրընկալվում Հայաստանում, ինչի համար շատ ուրախ են:

«Բազմիցս լսել եմ այս փառատոնի մասին, որն իսկապես կարևոր իրադարձություն է: Վերջերս Տալինում էի: Երբ այնտեղ իմացան, որ մասնակցելու ենք Երևանի Շեքսպիրյան փառատոնին, ինձ խնդրեցին պայմանավորվել Կարո Բալյանի հետ այստեղ գալու համար: Ավաղ, փառատոնն անսահմանափակ հնարավորություններ չունի»: Ֆեդոտովի խոսքով՝ Հայաստանը հզոր երկիր է, որտեղ պահպանվել են շեքսպիրյան ավանդույթները: Նա ասել է, որ իր երիտասարդության ամենատպավորիչ պահերից մեկն այն է եղել, երբ Մոսկվայում դիտել է Հայաստանի մայր թատրոնի «Կորեոլանը», որի գլխավոր դերակատարը հանճարեղ դերասան Խորեն Աբրահամյանն է եղել: Ֆեդոտովը մինչ օրս չի կարողանում մոռանալ ներկայացումն ու իր ստացած ցնցող տպավորությունը:

Դերասանուհի Աուրելիա Իմբերտը (Ֆրանսիա) նշել է, որ առաջին անգամ է գտնվում Հայաստանում. «Փառատոնի շրջանակում ներկայանալու եմ «Տանտիրուհու երազանքը» մոնոներկայացմամբ։ Իմ հերոսուհին երիտասարդ լեհուհի է։ Նա աշխատում է թատրոնում, որտեղ փորձում են Ուիլյամ Շեքսպիրի պիեսներից: Նա զայրացած է իր գործընկերների վրա, քանի որ ամենապատասխանատու պահին նրանք լքում են թատրոնը։ Եվ նա պետք է ամեն գիշեր սեփական ձեռքերով դասավորի բեմական իրերը, արկղերը։ Այդ ժամանակ է, որ թատրոնի կախարդանքը գործում է, և երիտասարդ կինը զգեստների միջոցով նրբորեն ներթափանցում է Շեքսպիրի կերպարների մեջ։ Նա դառնում է Ռիչարդ III, Լեդի Մակբեթ, Օֆելիա»։

Նովոռոսիյսկի Վ.Պ. Ամերբեկյանի անվան դրամատիկական թատրոնի հասարակայնության հետ կապերի տնօրեն, Վախթանգովի անվան թատերական մենեջերների փառատոնի խոսնակ, «Ոսկե դիմակ» փառատոնի (Փոքր քաղաքների թատրոնների կլոր սեղան-քննարկումների) խոսնակ, «Փոքր քաղաքների թատրոններ» և «Թատրոնի մենեջերներ» միության համակարգող Անաստասիա Կատաևա-Լոբոդան ասեց, որ արդեն երկրորդ անգամ է գտնվում Հայաստանում և իրեն շատ հաճելի է կրկին գալ այստեղ։ Երկու անգամն էլ Շեքսպիրյան փառատոնի հրավերով է այցը։

Նրա խոսքով՝ փառատոնը թատրոնի մարդկանց հնարավորություն է տալիս ոչ միայն բացահայտել այս կամ այն երկիրը, այլ նաև փորձի փոխանակման հիանալի դաշտ է, ինչի համար ևս մեկ անգամ շնորհակալ է Կարո Բալյանին՝ նման հնարավորության համար։

Ա․Կատաևա-Լոբոդան ընդգծեց, որ համավարակի օրերին փառատոն կազմակերպելը հերոսության նման մի բան է։ Արվեստաբան, թատերագետ Հասմիկ Սեյմորը կարևորեց այն փաստը, որ Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը աշխարհահռչակ Եվրոպական Շեքսպիրյան փառատոների ցանցի անդամ է։

«Սա շատ կարևոր նվաճում է, և դա հպարտանալու առիթ է տալիս։ Շեքսպիրյան փառատոնն ունի միջազգային մեծ համբավ, և դա փառատոնի հիմնադիր Հակոբ Ղազանչյանի ձեռքբերումն է, որի գործը հրաշալի շարունակում է Կարո Բալյանը»։

Նշենք, որ Երևանի Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնի հեդլայներն են «Թատրոն Կամրջի մոտ»(«Театр у моста»)՝ «Մակբեթ» (ՌԴ, բեմադրիչ՝ Սերգեյ Ֆեդոտով) և Ռոդոփի դրամատիկական թատրոնի «12-րդ գիշեր» (Բուլղարիա) ներկայացումները։

Շեքսպիրյան միջազգային 15-րդ թատերական փառատոնի կայացման գործում ձեռք են մեկնել անհատներ, այդ թվում Հայկ Գրիգորյանը, Տիգրան Հարությունյանը և այլք: Փառատոնը կտևի մինչև նոյեմբերի 20-ը:

333