Ֆրանսիան այն երկրների թվում է, որոնք ցանկանում են հումանիտար միջոցների ձեռնարկում, իրավիճակի լարվածության նվազեցում և պահվող անձանց ազատ արձակում: Այս մասին հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն «Արմենպրեսին» տված հարցազրույցում անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման խնդրին:

«Այս թեմային հետևում եմ ոչ թե ես կամ իմ գործընկերը՝ Ֆրանսիայի դեսպանն Ադրբեջանում, այլ կա առանձին դեսպան, որը Մինսկի խմբում Ֆրանսիայի համանախագահն է, ով հետևում և զբաղվում է այս թեմայով»,- նշել է դեսպանը:

Նա ուրախությամբ է արձանագրել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել են Մինսկի խմբի դերի կարևորությունն արցախյան հակամարտության կարգավորման հարցում:

«Մինսկի խումբն աշխատում է կողմերի հետ, որպեսզի այլ նոր քայլեր արվեն երկխոսության այդ գործընթացում: Որպես Հայաստանում Ֆրանսիայի դեսպան՝ բնականաբար հույս ունեմ, որ Մինսկի խումբը կօգնի կողմերին, որպեսզի նրանք առաջընթաց գրանցեն՝ իրավիճակի տևական կայունացման ուղղությամբ»,- ասել է Լույոն:

193