Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2026 թ. նոյեմբերի 24-ին աշխատանքային այցելությամբ Բիշքեկում գտնվող՝ Ղրղզստանի Հանրապետությունում (համատեղության կարգով) Հայաստանի Հանրապետության դեսպան (նստավայրը՝ ք. Աստանա) Արմեն Ղևոնդյանը մի շարք հանդիպումներ է անցկացրել՝ ուղղված Հայաստան-Ղրղզստան միջպետական փոխգործակցության օրակարգի առաջմղմանը։ Այդ մասին հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից։

Ղրղզստանի Հանրապետության մշակույթի, տեղեկատվության և երիտասարդական քաղաքականության նախարարի առաջին տեղակալ Չինգիզ Էսենգուլ ուուլուի հետ կայացած հանդիպմանը քննարկվել են մշակութային և հումանիտար ոլորտներում փոխանակումների ընդլայնմանը, համատեղ միջոցառումների և երկու երկրների Մշակույթի օրերի անցկացմանը վերաբերող հարցեր, որոնց իրականացումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության միջև համագործակցության 2027-2029 թթ. ճանապարհային քարտեզով։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մշակութային հաստատությունների միջև կապերի ամրապնդմանն ու թանգարանային ոլորտում համագործակցությանը։ Քննարկվել է նաև Արամ Խաչատրյանի ծննդյան 125-ամյակին և Չինգիզ Այթմատովի ծննդյան 100-ամյակին նվիրված փոխադարձ միջոցառումների կազմակերպման հարցը։

Ղրղզստանի Հանրապետության բնական պաշարների, բնապահպանության և տեխնիկական վերահսկողության նախարարի տեղակալ Ալմազ Մուսաևի հետ նախաձեռնած հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2026 թ. հոկտեմբերի 16-17-ը Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ս.Ժապարովի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում ստորագրված Սևանա և Իսսիկ-Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի դրույթների իրականացմանը։ Հանդիպման առանցքային թեմաներից է եղել նաև 2027 թ. հոկտեմբերին Ղրղզստանում նախատեսված «Բիշքեկ+25» երկրորդ Գլոբալ լեռնային գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։

205