Երևանում կամուրջ ու մետրոյի կայարան կառուցելու համար նախատեսված ռուսական վարկը կարող է մոտ ժամանակներս հավանության արժանանալ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը։

Նոյեմբերի 20-ին քաղաքապետարանում տեղի է ունեցել մինչև «Աջափնյակ» կայարան (ընկերությունը հաղթել է մրցույթը հոկտեմբերին) մետրոյի հատվածի նախագծման պայմանագիրը «Մետրոգիպրոտրանսին» հանձնելու արարողությունը: Երևան կատարած այցի շրջանակում Աբրամսոնը մետրոպոլիտենի զարգացման հարցերը քննարկել է քաղաքապետ Հայկ Մարությանի ու էկոնոմիկայի նախարարության ղեկավարության հետ:

Վարկ

Էկոնոմիկայի նախարարությունից Աբրամսոնին հայտնել են, որ Հայաստանի կառավարությունը կհամաձայնի վարկ վերցնել կամրջի ու կայարանի կառուցման համար, ամենայն հավանականությամբ, մեկ շաբաթվա ընթացքում:

«Խոսքը Արտահանման վարկերի և ներդրումների ապահովագրման ռուսական գործակալության 500 մլն դոլարի վարկի մասին է։ Այն պետք է տրամադրվի երկար ժամկետով ու ցածր տոկոսադրույքով», — ասաց Աբրամսոնը:

Եթե վարկային համաձայնագիրը հավանության արժանանա, ընկերությունը կփորձի պայմանավորվել Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ կառավարության հետ, որ նախագծային աշխատանքների հերթականությունը վերանայվի՝ հաշվի առնելով, որ շինարարությունը սկսելու համար նախապատրաստական աշխատանքներ են անհրաժեշտ:

Այդ դեպքում նախագիծը կբաժանվի մի քանի փուլերի, որ շինարարությունը հնարավորինս արագ սկսվի։ Ենթադրվում է, որ դա հնարավոր կլինի մեկ տարվա ընթացքում։

Եթե վարկը չվերցվի, ապա շինարարության սկիզբը (այն պետք է 1,5 տարի տևի) կախված կլինի այլ աղբյուրի ֆինանսավորումից:

«Աջափնյակ» կայարան

Երևանի քաղաքապետարանի հետ պայմանագիրը միայն դրանում նշված տեխնիկական առաջադրանքի կատարում է ենթադրում։ Այսինքն՝ խոսքը միայն մետրոպոլիտենի համար կամրջի կառուցման մասին է։ Դիտարկվում է կայարանի տեղակայման երկու տարբերակ՝ ստորգետնյա ու կամրջի վրա։

«Քաղաքապետի հետ զրույցում համաձայնեցրինք, որ նախընտրելի է ստորգետնյա կայարանը, քանի որ դա շատ ավելի հարմար է մետրոյից օգտվող մարդկանց համար», — ասաց Աբրամսոնը:

Էսքիզներում երևում է, որ կայարանի ձևավորման համար Էջմիածնի Մայր Տաճարի ճակատի զարդանախշը կօգտագործվի։

Կայարանին հարող տարածք

Մետրոյին հարող առևտրա-ժամանցային համալիրների կառուցումը, որի մասին հայտնել էր Երևանի քաղաքապետարանը, տեխնիկական առաջադրանքի մեջ ներառված չէ։

«Բայց շատ հնարավոր է, որ պայմանավորվենք և օգնենք Երևանի քաղաքապետարանին հարակից տարածքի ինչ-որ մաս մշակել։ Քանի որ, երբ խոսում էինք Հայկ Մարությանի հետ, նա տեղեկացրեց, որ նախատեսվում է ստորգետնյա և վերգետնյա կայանատեղի կառուցել։ Նախատեսվում է նաև կայանատեղի այն մարդկանց համար, որոնք հեռավոր շրջաններից են գալիս, որ նրանք կարողանան մեքենան այնտեղ թողնել», — նշեց Աբրամսոնը:

«Մետրոգիպրոտրանսը» կարող է առաջարկել իր լուծումները, քանի որ կայարանի կառուցման նախագծի շրջանակում բավականին հեշտ կլինի իրականացնել դրանք։ Դրա համար պետք է մի փոքր շտկել ներկայիս տեխնիկական առաջադրանքը։

«Երկհարկանի կամուրջ»

Նրա խոսքով՝ քաղաքապետարանում դրական են տրամադրված նման ճշգրտումների նկատմամբ։ Դա վերաբերում է նաև Հրազդանի կիրճով երկհարկանի կամրջի կառուցման հնարավորությանը՝ ոչ միայն մետրոյի, այլև ավտոմեքենաների ու հետիոտների համար։

«Եթե նման հնարավորություն լինի, մենք պետք է համաձայնեցնենք քաղաքի և պետության հետ՝ արդյո՞ք նրանք ուզում են երկհարկանի կամուրջ կառուցել։ Խոսքերով այս գաղափարը բոլորին դուր է գալիս: Եվ ես նաև առաջարկել եմ քաղաքապետին կամրջի վրա հետիոտների համար զբոսնելու հատված սարքել։ Դա գեղեցիկ կլինի, մարդկանց համար էլ՝ հաճելի։ Այնտեղ կարող են պանորամային տեսարաններով ռեստորաններ լինել: Դա շատ թանկ չի լինի, քանի որ կամուրջը միևնույն է՝ լինելու է», - նշեց Աբրամսոնը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտնել էր, որ մետրոյի նոր կայարանը կլինի Հրազդան գետի վրա կառուցվելիք կամրջի վրա: Նախագծի ինքնարժեքը չէր նշվել։ Քաղաքապետարանի կողմից դիտարկվող բիզնես-ծրագիրը նախատեսում էր երկու բաղադրիչ՝ «Աջափնյակ» մետրոյի կայարանի հարևանությամբ առևտրի կենտրոնի կառուցում և հարակից տարածքում հնացած բնակարանային ֆոնդի թարմացում։

Քաղաքապետարանի ծրագրով՝ 525 մետր երկարությամբ մետրոյի նոր կայարան տանող ճանապարհը պետք է անցնի թունելով, որի շինարարությունը սկսվել է դեռ ԽՍՀՄ տարիներին ու անավարտ է մնացել: Այն ժամանակ անավարտ մնաց «Աջափնյակ» կայարանը։ Նախագծում կա մետրոյի շարունակությունը Դավթաշենից դեպի մայրաքաղաքի հյուսիս-արևմտյան շրջան։

1065