Հիմնվելով իր զորքերի գլոբալ տեղակայման աուդիտի արդյունքների վրա՝ Միացյալ Նահանգները մտադիր է ուժեղացնել Ռուսաստանի ռազմական զսպումը Եվրոպայում:  Այս մասին հայտնել է Պենտագոնի ղեկավարի քաղաքական հարցերով օգնականի պաշտոնակատար Մառա Կառլինը։

Պենտագոնում կայացած ճեպազրույցում նա ներկայացրել է աուդիտի հիմնական արդյունքները։

«Եվրոպայում գլոբալ տեղակայման վերանայումը ուժեղացնում է ռուսական ագրեսիայի հուսալի ռազմական զսպումը և հնարավորություն է տալիս ՆԱՏՕ-ի ուժերին ավելի արդյունավետ գործել»,- ասել է Կառլինը:

«Ռուսական սպառնալիքի» մասին հայտարարություններ պարբերաբար հնչում են արևմտյան քաղաքական գործիչների կողմից, առավել հաճախ՝ Բալթյան երկրներից և Լեհաստանից։ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում հարձակվել որևէ մեկի վրա, իսկ «ագրեսիայի» հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ՝ Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ զինտեխնիկա տեղադրելու համար։

135