Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Araratnews-ի զրուցակիցն է իրավագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտաշես Խալաթյանը:

 

Պարո’ն Խալաթյան, նոյեմբերի սկզբին ԱՄՆ-ում սպասվում են Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ, արտաքին քաղաքական առումով ի՞նչ նշանակություն ունեն դրանք և Թրամփի իշխանության վրա ի՞նչ ազդեցություն կարող են թողնել՝ հատկապես լիազորությունների տեսանկյունից։

Ներկայացուցիչների պալատը և ընդհանրապես Կոնգրեսը, որի վերին պալատի ընտրությունները ևս տեղի են ունենալու ապագայում, ըստ էության, տիրապետում են շատ ընդարձակ լծակների՝ սահմանափակելու Թրամփի և ընդհանրապես գործադիր իշխանության քաղաքականությունը և լիազորությունները, մասնավորապես, օրենսդիր ոլորտում, թեպետ այդտեղ կա նախագահի վետոյի իրավունքը, բայցև Կոնգրեսը կարող է հաղթահարել այդ վետոն՝ պատգամավորների ընդհանուր թվի որակյալ մեծամասնությամբ, ինչը նշանակում է, որ օրենսդիր ոլորտում 2 պետական ինստիտուտների հակադրությունում, վերջ ի վերջո, հաղթելու պոտենցիալ ունի Կոնգրեսը։ Այսինքն՝ Թրամփը չի կարողանալու անցկացնել իր քաղաքականությունից բխող ցանկացած օրինագիծ, և եթե նպատակ չունի փակուղի մտցնել ԱՄՆ պետական իշխանության գործառմամբ սահմանադրական ընթացակարգեր, ապա ստիպված է լինելու փոխզիջումներ փնտրել կոնգրեսականների հետ։ Բացի այդ, ակնհայտ է, որ եթե Ներկայացուցիչների պալատում, ընդհանրապես, Կոնգրեսում, Թրամփը պարտվում է, արդեն նոր կազմով խորհրդարանը կարող է գործի դնել իր այլ շատ կարևոր լիազորություններ՝ գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողության մասով, օրինակ, ձևավորել քննիչ հանձնաժողով, և ինչի մասին արդեն իսկ դեմոկրատները բազմիցս հայտարարել են՝ ստուգելու Թրամփի բարեվարքության և այլ երկրների իշխանությունների հետ գաղտնի կապերի հարցը. բնականաբար, խոսքը Ռուսաստանի մասին է, նախ և առաջ, ինչպես նաև շշուկներ կան նրա՝ Չինաստանի հետ ինչ-ինչ գաղտնի պայմանավորվածությունների մասին, այսինքն՝ Թրամփը կարող է ենթարկվել քաղաքական պատասխանատվության ողջ զինանոցին, ինչպես նաև դրանից բխող, գուցե նաև իրավական պատասխանատվության գործընթաց սկսեն, այդ թվում նաև իմպիչմենտի հարցը կարող է գլուխ բարձրացնե։ Այսինքն՝ ըստ էության, Թրամփի համար սա կյանքի ու մահվան ընտրություններ են, եթե նա պարտվում է, ապա սկսում է վերածվել կաղ բադիկի, ինչպես ընդունված է ասել, այսինքն՝ արդեն իսկ դառնում է մի նախագահ, որն իր լիազորությունների ամբողջ զինանոցը արդեն չի կարողանա օգտագործել։ Դրա համար Թրամփն արդեն դիմում է այնպիսի ավանտյուրաների, ինչպիսիք են, օրինակ, ԱՄՆ-ում վառելիքի գների իջեցմանը հասնելու համար Ռուսաստանից սանկցիաները մասնակի հանելը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ հուսահատ փորձ ինչ-որ էլեկտորատի ձայներ երկրի ներսում ակումուլացնելու համար։ Ամերիկացիներն ասում են՝ ցանկացած քաղաքականություն ներքին է, հիմա Թրամփը դրա ամենավուլգար դրսևորումն է ի ցույց դնում, այսինքն՝ միջազգային կարգի կամ միջազգային անվտանգությունն ի սպաս դնելը ԱՄՆ ներքին քաղաքականության, այսպես ասենք, առաջնահերթություններին, և ընդհանրապես այսօր Թրամփի ընդհանուր վարքագիծը ցույց է տալիս, որ նա բավականին նյարդային վիճակում է գտնվում։ Սկսել են շատ ավելի զուսպ խոսել իր մերձավոր զինակիցները, օրինակ, Մարկո Ռուբիոն, որի վերջին հարցազրույցը ակնհայտորեն ցույց է տալիս, որ նա փորձում է գոնե արտաքին քաղաքականության ոլորտում փոքր-ինչ դիստանցավորվել Թրամփի վոլունտարիստական քաղաքականությունից, իսկ սա ցույց է տալիս, որ, այո, Ներկայացուցիչների պալատի ընտրություններին ընդառաջ, թերևս, Հանրապետական կուսակցությունը զգում է իր պարտության մոտալուտ լինելը. միայն պաշտոնական տվյալներով, շուրջ 10 %-ով հետ է մնում դեմոկրատներից։

Հանրապետականի պարտվելու դեպքում հնարավո՞ր է Թրամփը ստիպված լինի վերականգնել, օրինակ, Ուկրաինային աջակցության փաթեթները կամ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։

Ես կարող եմ կանխատեսել, որ Թրամփն իր խառնվածքից ելնելով չի նահանջի, բայց Կոնգրեսը, ինչպես նշեցի, ունի անհրաժեշտ լիազորություններ, իր նախընտրած օրինագծերը առաջ տանելու համար, այդ թվում, եթե, օրինակ, Թրամփը Կոնգրեսի ընդունած օրենքի վրա վետո է դնում, ապա որակյալ մեծամասնության պատգամավորների ընդհանուր թվով Կոնգրեսը կարող է հաղթահարել այդ վետոն, ինչը նշանակում է, որ ավելի շուտ մենք այդտեղ հակամարտության կարող ենք ականատես լինել, որտեղ հաղթելու ավելի մեծ շանսեր ունի Կոնգրեսը՝ չակերտավոր հաղթելու, և գործադիր իշխանությունը ավելի շատ կվերածվի ի դեմս Թրամփի խորհրդարանի աշխատանքներին խանգարող ինստիտուտի, այսինքն, այստեղ ավելի շատ մենք կարող ենք խոսել, որ Թրամփը ունի անհրաժեշտ լիազորություններ՝ Կոնգրեսի աշխատանքներին ու գործունեությանը, քաղաքականությանը խանգարելու համար։ Այո, Թրամփը ունի անհրաժեշտ գործիքակազմ՝ պրոցեսները դանդաղեցնելու համար, բայց եթե Ներկայացուցիչների պալատում կորցնում է մեծամասնությունը, բնականաբար, Թրամփը աստիճանաբար հայտնվում է արձագանքողի, ոչ թե նախաձեռնողի դերում։

Այս ընտրությունները առհասարակ կարո՞ղ են ազդեցություն ունենալ մեր տարածաշրջանի վրա՝ Թրամփի քաղաքականության մասով, թե՞, այնուամենայնիվ, դեմոկրատներն էլ, հանրապետականներն էլ հավատարիմ կմնան Հայաստանի հետ հարաբերությունների ռազմավարական բնույթին։

Պետք է նշել, որ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը ստորագրվել է դեմոկրատների իշխանության վերջին օրերին, ինչը նշանակում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների ստրատեգիական խորացումը, կարող ենք ասել՝ ԱՄՆ իսթեբլիշմենթի նախընտրած ուղին է, բայց այստեղ մի քանի նրբություն կա. նախ այն, որ դեմոկրատների շեշտադրումները միջազգային քաղաքականության մեջ տեղավորվում են արժեքների, մարդու իրավունքների, ինստիտուտների վրա։ Ի տարբերություն Թրամփի, ինչը հակոտնյա է, օրինակ, Ալիևի աշխարհայացքին, և հիշում ենք, որ դեմոկրատների հետ Ալիևը ավանդաբար ունի սառը կամ սառը գործնական հարաբերություններ, որոնք, իհարկե, մեծացնում են հավանականությունը, որ ընդհանուր պրոցեսները կարող են կանգ առնել, կամ կարող է տեղի ունենալ հետևյալը՝ հայ-ամերիկյան հարաբերությունները և նույն ԹՐԻՓՓ ուղին, որը հնարավոր է նաև, որ վերանվանվի Թրամփից հետո՝ կախված քաղաքական զարգացումներից և տվյալ պարագայում դեմոկրատների իշխանության գալու հավանականությունից, բայց բովանդակային իմաստով հնարավոր է մի իրավիճակ, երբ հայ-ամերիկյան հարաբերությունները և նույն ԹՐԻՓՓ ուղին զարգացման մի այնպիսի մոդուսի մեջ հայտնվեն, որը ինչ-որ առումով սկսի սեպարատ գործել հայ-ադրբեջանական խաղաղության գործարքից, ինչը տեսականորեն հնարավոր է, որովհետև ԹՐԻՓՓ ուղղու գեոստրատեգիական նշանակությունը ամենևին Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ երթուղու ապահովումը չէ, այլ ԱՄՆ կապվածությունը Կասպյան տարածաշրջանի հետ։ Այսինքն՝ այստեղ կարևորը ԱՄՆ-ի կապվածությունն է Կասպյան տարածաշրջանի և Միջին Ասիայի հետ Հարավային Կովկասով, և հնարավոր է, որ ԹՐԻՓՓ ուղու հետագա նշանակությունը կապվի բացառապես այս թրեքի հետ, իսկ հայ-ադրբեջանական խաղաղության գործարքը հնարավոր է դեմոկրատների իշխանության գալու կամ Թրամփի թուլանալու պարագայում դանդաղի կամ մղվի երկրորդ պլան, որովհետև դեմոկրատները Ալիևի նկատմամբ ավանդաբար ունեն բացասական վերաբերմունք, հատկապես այն հայտարարությունների ֆոնին, որոնք բազմիցս արել է Ալիևը Բայդենի պարտությունից հետո՝ բացասական և ընդհուպ վիրավորական։

 

Գեղամ ԱԴՅԱՆ

163