ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ֆրանսիայի Բրեստ քաղաքում ոչ պաշտոնական հանդիպումներ անցկացնող ԵՄ պաշտպանության նախարարներին տեղեկացրել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի արդյունքների մասին։ Այս մասին ասվում է ԵՄ դիվանագետ Ժոզեպ Բորելի թվիթերյան հայտարարության մեջ։
«Այս գիշեր մենք Ժան-Պիեռ Լակրուայի և Յենս Ստոլտենբերգի հետ քննարկել ենք ոչ պետական ​​դերակատարների միջամտությունը մեր առաքելություններին։ Նրանք մեզ տեղեկացրել են Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի արդյունքների մասին»,- գրել է Բորելը։

Նախօրեին Բրյուսելում կայացել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ, մինչ այդ երկուշաբթի օրը Ժնևում երկկողմ բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև։
Այսօր Վիեննայում նախատեսված են բանակցություններ Ռուսաստան-ԵԱՀԿ ձևաչափով։

Հանդիպմանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը ցանկություն է հայտնել վերսկսել Մոսկվա-ՆԱՏՕ առաքելությունները։ Իր հերթին՝ ԱՄՆ-ի վարչախումբը միացել է քարտուղարի հայտարարությանը՝ կարևորելով Մոսկվայում և Բրյուսելում համապատասխան գրասենյակների վերաբացման հնարավորությունը։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրուսը, անդրադառնալով այս հանդիպմանը, նշել է, որ Ռուսաստանի համար միակ ճանապարհը դեէսկալացիան է և մասնակցությունը քննարկումներին։ Նա մեղադրել է Ռուսաստանին իր պարտավորությունները Ուկրաինայի սահմաններին չկատարելու մեջ և անօրինական կերպով բռնակցված Ղրիմում իր վերջին գործողությունների համար: 

Ռուսական կողմի ներկայացուցիչը՝ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն պետք է ամեն ինչ անեն՝ սառը պատերազմի սխեմաների ծուղակը չընկնելու համար։

987