Երևանում Արտաշիսյան փողոցում հունվարի 13-ին ավտոմեքենայի՝ գազատար խողովակին բախվելու արդյունքում բռնկված հրդեհը մարվել է, հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են մոխրացած դի։

 Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 18։41-ին, մարվել՝ 19։24-ին։ 

Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս տուժել է հրշեջ-փրկարար Է․ Մ․-ն․: Վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ժամը 17։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ։Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Պարզվել էր, որ ավտոմեքենան բախվել է Արտաշիսյան փողոցի թիվ 42/6 շենքին հարակից գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։

 

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Ժամը 18։16-ին հաստատվել էր հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

2684